211652_close_icon
views-count8036 դիտում article-date 21:43 03-05-2021

«Գովազդի մասին» օրենքի փոփոխությունը քաղաքացուն մոլախաղից չի փրկելու, իշխանության նպատակն է լրատվամիջոցներին զրկել ֆինանսական եկամուտներից․ Սաթիկ Սեյրանյան

Հիմա, վստահաբար կարող եմ ասել, որ ֆինանսների նախարարը ընկալունակության հետ խնդիր ունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի քննարկմանը, որտեղ նախագիծը ներկայացնելիս Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարել է, թե լրատվամիջոցների դժգոհությունն այս օրենքի հետ կապ չունի:  

«Որևէ ազնիվ նպատակ իշխանությունների կողմից դրված չէ այդ նախաձեռնության հիմքում։ Տվյալ դեպքում առհասարակ նախարարությունը իշխանությունների ջրաղացին ջուր է լցնում և որևէ կերպ ցանկանում է «սղացնել» այդ օրենքը։ Դա որևէ օգուտ չի տալու քաղաքացուն, որևէ մոլախաղից չի փրկելու, որևէ անչափահասի հեռու չի պահելու մոլախաղերից, ավելին՝ բյուջեին լուրջ վնասներ է հասցնելու։ Մենք նշել ենք, որ իշխանությունների բուն նպատակը լրատվամիջոցներին զրկելն է ֆինանսական եկամուտներից, որը գալիս է գովազդից»,– ասաց նա և նշեց, որ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, խմբագիրներ, գովազդային բաժինների պատասխանատուներ, բոլորը ներկայացրել են խնդիրները և պարզաբանել, որ օգուտ չի տալու այդ նախագիծը։

«Հայաստանում, ցավոք սրտի, այս իշխանությունների շնորհիվ տնտեսությունը գրեթե զրոյի է ձգտում, տնտեսության մեջ մեծ հաշվով միակ աշխատող բանը մնացել է հանքարդյունաբերությունը, որի ծավալները դարձյալ նվազել են, ինչպես նաև տարբեր տեսակի խաղերը»,–ասաց նա և նշեց, որ այսօր տնտեսությունը չի աշխատում։

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ այս օրենքի ընդունման արդյունքում բյուջեն զրկվելու է եկամուտներից, քանի որ վիճակախաղերով զբաղվող ընկերությունները իրենք իրենց գովազդները տանելու են և այլ երկրների կայքերում են տեղադրելու, արդյունքում բյուջե մուտքեր չեն լինելու։

«Հենց օրենքի նախաձեռնողները և այս իշխանությունները այդ վիճակախաղերով զբաղվող ընկերությունների մոտ ընկերներ են, միգուցե բաժնետերեր են, միգուցե իրենց շահառուներն են, իրենց այսպես ասած ֆինանսական քսակներն են հանդիսանում։ Եթե իշխանությունը իսկապես ուզում է, որ Հայաստանի քաղաքացին զերծ մնա վիճակախաղերից, մոլախաղերից, օնլայն կազինոներից, մենք՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներս, բոլոր ձեռքերով կողմ ենք, բայց պետք է ամբողջությամբ փակել։ Այսինքն՝ Հայաստանում Հայաստանի քաղաքացին հնարավորություն չունենա օնլայն կամ առկա տարբերակով խաղատներից, օնլայն վիճակախաղերից օգտվել։ Եթե իսկապես իրենց նպատակը ազնիվ է, մենք առաջարկում ենք փակել ամբողջությամբ»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր