211652_close_icon
views-count10182 դիտում article-date 11:04 15-08-2019

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը կարևորել է ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության արդյունավետությունը, որը միտված է աղետների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև աղետների հետևանքների վերացման կարողությունների զարգացմանը: Նախարար Ցոլակյանը ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ԱԻ նախարարության քաղաքականության հիմնական ուղղությունները և իրականացվող միջոցառումների ընթացքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմին, որը, գերազանց կատարելով իր առջև դրված խնդիրը, 2015 թվականին 5 տարի ժամկետով ստացավ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) արտաքին որակավորման հավաստագիրը, որի վերաորակավորման գործընթացը նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 1-4-ը: INSARAG արտաքին որակավորման հավաստագիրը փաստում է թիմի բարձր պատրաստվածության և աշխարհի տարբեր երկրներում հնարավոր աղետից տուժած բնակչությանը օգնության հասնելու կարողության մասին: Նախարար Ցոլակյանը կարևորեց INSARAG չափանիշների համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի ձևավորումը Հայաստանի մարզերում: Նախարարի դիտարկմամբ անհրաժեշտ է ավելի ամրապնդել կարգապահությունը, կատարելագործել շարժունակությունը և տեղում որոշումներ կայացնելու ճկունությունը: Առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններով նախատեսվում է ավելացնել հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցների թիվը: Խոսելով ԱԻՆ կարիքների մասին, նախարար Ցոլակյանը առանձնացրեց բարձրահարկ (50 մետր և ավելի) շենքերի համար նախատեսված հրդեհաշիջման մեքենաների, ինչպես նաև անտառային հրդեհների ժամանակ ամենագնաց ջրատար մեքենաների անբավարարության խնդիրները: ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հիշեց, որ Վրաստանում աշխատելու տարիներին Բորժոմիի 2017 թվականի խոշոր հրդեհի ժամանակ օգնության հասած Հայաստանի հրշեջ-փրկարարները աշխատել են օպերատիվ և արդյունավետ: Շոմբի Շարիփի համոզմամբ, Հայաստանի INSARAG թիմը լավագույնն է տարածաշրջանում: Նրա կարծիքով, հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստ է հայտ ներկայացնել և ստանալ ավելի բարձր որակավորման աստիճան: Հանդիպման ավարտին Ֆելիքս Ցոլակյանը ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին տեղեկացրեց հայկական և ռուսական կառավարությունների որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկված մոտ 130 տոննա մարդասիրական օգնության մասին, որը նախատեսված է ռազմական կոնֆլիկտից տուժած բնակչության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր