211652_close_icon
views-count1615 դիտում article-date 20:29 09-08-2019

Նախարարությունը պարզաբանել է անպտղություն ունեցող զույգերի աջակցության ծրագրից օգտվելու կարգը

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է 2019թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարության ընդունած որոշումը, որով սահմանվել են Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, շահառուներին ներկայացվող հիմնական և լրացուցիչ պահանջներն են. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում առանց 2 տարվա սահմանափակման) անզավակ զույգերը, եթե ամուսիններից մեկը` զինծառայող է կամ զինծառայողներին հավասարեցված անձ (սահմանված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 72-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, կամ զինվորական ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնող, կամ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառու է կամ ունի հաշմանդամի կարգավիճակ, եթե կնոջ մոտ չկա հղիությունը կրելու հակացուցում, կամ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ են (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N1 հավելվածով սահմանված ցանկին համապատասխան` կցվում է): Միաժանակ զույգերը պետք է բավարարեն հետևյալ լրացուցիչ պահանջները` 1) ամուսինները կամ ամուսիններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և ամուսնությունը գրանցված է օրենսդրությամբ սահմանված կարգով, 2) կինը 20-35 (ներառյալ) տարիքային խմբում է (բացառություն է սահմանված միայն զինվորական ծառայության ընթացքում կամ ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողների դեպքում` կնոջ տարիքը մինչև 42 տարեկան), ընդ որում 35 տարեկանում դիմելու և որպես շահառու հաշվառվելու դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը: Դիմումների մուտքագրումը և հերթագրումը Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար քաղաքացիների դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` կենտրոնացված ընթացակարգով, միասնական առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն: Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է վերը նշված հիմնական և լրացուցիչ պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (այն թվում` նշված 5 խմբերից որևէ մեկին պատկանելու կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը: Կառավարության որոշումը ուժի մեջ կմտնի նիստին հաջորդող շաբաթվա ընթացքում` պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար բժշկական կազմակերպությունները հերթագրման գործընթացը կսկսեն ծրագրի մեկնարկից հետո: «Ծրագրի մեկնարկի մասին ՀՀ առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի: Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ` Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնու­թյո­ւնը և սպասարկումը չի ներառում փոխնակ մոր, դոնորական ձվաբջջի և դոնորական սերմնաբջիջների համար փոխհատուցման ծախսերը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր