211652_close_icon
views-count2817 դիտում article-date 10:59 31-07-2019

Ո՞ւմ ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ամեն անգամ, երբ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր քաղաքական (իշխանական) հավակնությունների մասին, իմ մոտ գրեթե ինքնաբերաբար ցանկություն է առաջանում պաշտպանել ներկա իշխանությանը: Երբեմն նույնիսկ մտածում եմ, որ դա հատուկ է արվում, որ մեզ միտումնավոր են «դեմ տալիս» Քոչարյանին՝ որպես գործող իշխանության միակ այլընտրանք, որպեսզի շատ մարդիկ սարսափեն և չմտածեն իրական այլընտրանքների մասին: Բայց բոլոր դեպքերում Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ ընդդիմություն: Ցանկալի է՝ ոչ քոչարյանական: Շատ բաներ, որոնք անում է ներկայիս իշխանությունը, ինձ դուր չի գալիս: Բայց եթե փորձենք խորը մտածել և հասկանալ, թե որոնք են ծրագրերի և գաղափարների սակավության, հաճախ անզուսպ պոպուլիզմի և ակնհայտ ինֆանտիլիզմի պատճառները, ապա կտեսնենք, որ դրանցից ամենակարևորն օբյեկտիվ է: Ի դեպ, ճիշտ նույն պատճառով Ուկրաինայում իշխանության եկան շոումենները, երգիչներն ու ասմունքողները, «ժողովրդի ծառաները»: Թե՛ Հայաստանում, թե՛ Ուկրաինայում մարդիկ խորապես հիասթափվել են դասական քաղաքական գործունեությունից և կուսակցություններից, նրանց ավելի սրտամոտ էր քաղաքացիական ակտիվիզմը՝ այդ պայքարին հատուկ զինանոցով: Իսկ ի՞նչն է ընկած հիասթափության հիմքում: Պատասխանը միանշանակ է՝ քաղաքական համակարգի բացակայությունը: Այժմ փորձենք պատասխանել հետևյալ հարցին՝ ո՞ւմ ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանում քաղաքական համակարգ չկա: Իհարկե, կարելի է տալ շատ մարդկանց անուններ, բայց այդ ցուցակում առաջինն, անշուշտ, Ռոբերտ Քոչարյանն է: Քաղաքական համակարգը ձևավորվում է առաջին հերթին ընտրությունների միջոցով: 1995-96 թվականներին ընտրությունները կեղծվել էին, բայց միայն 1998-ից հետո դա դարձավ մարդկանց ստորացնելու, ահաբեկելու, կաշառելու «յուղած» համակարգ, որի պտուտակներն էին մշտապես անպատիժ մնացող քրեական տարրերը: Միայն 98-ից հետո ընդդիմադիրները դարձան «моська»-ներ և «քաղաքական դաշտի թափոններ», այդ ժամանակվանից էին «հարց լուծում» ոչ թե քաղաքական գործիչները, այլ կիսագրագետ օլիգարխներն ու նրանց թիկնապահները, այդ ժամանակվանից էր իշխանությունը բոլոր «այլախոհների» նկատմամբ կիրառում տեղեկատվական տեռոր, որն ուղեկցվում էր «Հայլուրի» կացնային քարոզչությամբ: Այդ պայմաններում հնարավոր չէր իրապես ընդդիմադիր քաղաքական գործունեություն, որը քաղաքական համակարգի պարտադիր պայմանն է: Իսկ առանց նորմալ քաղաքական համակարգի, վստահ եմ, Հայաստանում հնարավոր չէ տնտեսության զարգացումը: Մեր հասարակությունուն իսկապես պետք է ձևավորվի «կոնսենսուս մինուս մեկ»: Եվ այդ մեկն, իմ կարծիքով, պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր