Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի է ունեցել Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն
Հուլիսի 9-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցավ Բավարիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի պաշտոնական բացմանը նվիրված հանդիսավոր արարողություն։
Բացման խոսքով ներկաներին ողջունեցին Բավարիա երկրամասում Հայաստանի պատվավոր հյուպատոս (նստավայրը` Մյունխեն) դր. Քրիստինե Զասսեն (Christine Sasse) և ԳԴՀ Բունդեսթագի նախկին փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը (Johannes Singhammer)։
Ելույթ ունեցավ նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Անդրադառնալով Բավարիա երկրամասի և Հայաստանի միջև առկա դարավոր հարաբերություններին` դեսպանը վստահություն հայտնեց, որ պատվավոր հյուպատոսն իր գործունեությամբ կնպաստի բարեկամական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը։ ՀՀ դեսպանն ընդգծեց հատկապես տնտեսական փոխգործակցության զարգացման կարևորությունը` հաշվի առնելով Գերմանիայի տնտեսության մեջ Բավարիա երկրամասի ակտիվ ներգրավվածության գործոնը։
Միջոցառման ընթացքում հայ և օտարազգի հայտնի կոմպոզիտորների կատարումներով հանդես եկավ պրոֆեսոր Կորյուն Ասատրյանի և Էնրիկե Ուգարտեի (Enrique Ugarte) «Konzert Duo Fortezza» դուետը։
Երեկոյին ներկա էին Բունդեսթագի և երկրամասի խորհրդարանի` Լանդթագի պատգամավորներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ։