211652_close_icon
views-count3407 դիտում article-date 19:00 24-09-2016

Բուլղարիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսի աջակցությամբ կայացավ հայկական կամերային նվագախմբի համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին

Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Բուլղարիայում անցկացվող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 17-ին Պլովդիվում Հայաստանի պատվավոր հյուպատոսի աջակցությամբ կայացավ հայկական կամերային նվագախմբի համերգ՝ օտարազգի և հայ երգահանների ստեղծագործությունների կատարումներով: Պլովդիվի կենտրոնական փողոցում բացվեց Հայաստանի տեսարժան վայրերը պատկերող 20-ից ավելի լուսանկարչական պաստառների ցուցադրություն: Միջոցառումներին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Սեպտեմբերի 20-ին Սոֆիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմի առաջնորդ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ և հնչեց հայրապետական մաղթանք` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության 25-ամյակի: Սուրբ Պատարագին ներկա էին Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Սոֆիայի հասարակական-քաղաքական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ: Սեպտեմբերի 21-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց Սոֆիայի «Զանգեր» անունը կրող հուշահամալիրում Հայաստանը ներկայացնող զանգի տեղադրման արարողությանը, որին ներկա էին Բուլղարիայի պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, ով համառոտ ներկայացրեց անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանի ձեռբերումներն ու դեռևս առկա մարտահրավերները:

Նմանատիպ նյութեր