Գործադիրը հավանություն տվեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությանը. Այն վերաբերում է դատապարտյալներին
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում դրական եզրակացություն տվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկվում «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում»:
Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, իրենք օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային դիտողություններ և առաջարկություններ չունեն:
Նախագծով առաջարկվում է կարգավորել ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների հետ կապված որոշ հարաբերություններ:
Մասնավորապես, առաջարկվում է ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտում համարել մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի ոչ թե երկու, այլ երեք կամ ավելի խախտումները: