211652_close_icon
views-count9718 դիտում article-date 12:11 26-06-2019

Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը. բռնվել է կաշառք ստանալու պահին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետը, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելով և դրանց օգտագործմամբ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում աշխատանքային ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ մտցնելով՝ կենսաթոշակառուների առավել բարձր կենսաթոշակի գումարի չափն ապահովելու համար, վերջիններիցս 2019թ. հունվարից առ այսօր պահանջել և ստացել է յուրաքանչյուրից մինչև 300 հազար ՀՀ դրամի, ընդհանուր առմամբ՝ առանձնապես խոշոր չափերով 1.280.000 ՀՀ դրամի չափով կաշառք: 2019թ. հունիսի 19-ին հերթական կաշառքը՝ 210 հազար դրամի չափով, ստանալու պահին նշված պաշտոնատար անձը և կաշառք տվողը բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Գումարը հայտնաբերվել է քաղաքացու անձնագրի միջից: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Նշված պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նմանատիպ նյութեր