4286 դիտում
20:12 22-06-2019
Երրորդ հանրապետության առաջին դեմքերը՝ հոգեբանի ակնոցով. Armradio.am
[url=http://armradio.am/hy/16815?fbclid=IwAR2T0ZDqB4f98Lp6B-tFuGBZgEI8sN7TG2kQXFFQuyLcYisNiNLp2W7ePEY#.XQ40p0wytIk.facebook]Armradio.am[/url]-ը գրել է.
Երրորդ հանրապետության առաջին դեմքերին այսօր փորձելու ենք ճանաչել որպես հոգեբանական կերպար։ Դրանում մեզ կօգնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Եվ այսպես՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան:
Նա իշխանության եկավ ղարաբաղյան շարժմամբ: Մատենադարանի գիտաշխատողի կերպարից չազատվեց երբեք. լուրջ, խելացի, միաժամանակ՝ վճռականության փոքր- ինչ պակասով. Հայաստանի երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան: Ինչով նա գրավեց ժողովրդին. հոգեբան Միհրդատ Մադաթյանն է վերլուծում.
«Մեզ շատ գրավում էր այն գեղեցիկ գրական հայերենը, որով Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր։ Կապ չուներ՝ ինչի մասին է խոսում։ Միանշանակ՝ գրագետ մարդ է և հրաշալի տիրապետում է հոգեբանական որոշակի իրավիճակների, ինչի ականատեսը եղանք հատկապես մարտի մեկին նախորդող շրջանում, երբ նա կրկին հրապարակ հավաքեց»։
Ուժեղ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հոգեբանը չէր որակի: Բայց բացը նա կարողանում էր լրացնել հռետորական արվեստով և կրթությամբ՝ ասում է: Ըստ հոգեբանի, որպես հռետոր Լևոն Տեր-Պետրոսյանը լավագույնն է, և այդ առումով մնաց անգերազանցելի իր բոլոր պաշտոնակիցների մեջ: Առաջին նախագահի լավագույն որակների մեջ հոգեբանն ընդգծում է նաև ոգին, որը կարողացավ պահպանել ու առաջնորդել 80-ականների ազգային զարթոնքի տարիներին:
Առաջին նախագահի բացասական գծերի մասին.
«Փառասիրությունը, որը Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ բարձր մակարդակի վրա է դրված: Այդ շրջանում ձևավորվեց կոռուպցիան։ Երրորդ բացասական գիծը, գուցե մի քիչ սուբյեկտիվ է, բայց ես կնշեի Լևոն Տեր-Պետրոսյանի բացասական վերաբերմունքը պատերազմի նկատմամբ»։
Խարիզմատիկ կերպար, տեսակով առաջնորդ, որը գիտակցում է նաև առաջնորդի վրա դրված ամբողջ պատասխանատվությունը: Միաժամանակ գիտակցում է՝ ապրելաոճը ևս պետք է համապատասխանի իր կարգավիճակին: Հոգեբանն այսպես է բնորոշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին.
«Նա սկսեց թելադրել ինչ-որ ուրիշ՝ սպորտային և առողջ ապրելաոճ։ Սուր ու կոշտ արձագանքներ միջազգային հանրությանը, որը մեզ դուր էր գալիս։ Մենք տեսանք սովորելու մեծ ներուժ։ Երբ նայում ենք նրա խոսքը պաշտոնավարման առաջին տարիներին և վերջում, աճի լուրջ տարբերություն ենք տեսնում։ Երրորդ դրական գիծը՝ նախագահը միշտ գտնվում էր իր դերում»։
Հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներն է հոգեբանը որակում որպես առողջ ապրելակերպի, այդ թվում՝ ծխելու դեմ պայքարի ամենաակտիվ շրջան: Նրա խոսքը բավականին լուրջ էր և ընկալելի՝ ինչպես դրսում, այնպես էլ ներսում, ասում է հոգեբանը՝ կտրուկ անցում կատարելով երկրորդ նախագահի բացասական գծերին.
«Պաշտոնավարման սկզբում լեզվին ոչ գեղեցիկ տիրապետումը։ Խոսում էր որոշակի սլեյինգով և ավելի շատ ռուսախոսի տպավորություն էր թողնում։ Ովքեր ծնվել են խորհրդային շրջանում, հատկապես Արցախում, շատ լավ գիտեն ինչ է դա։ Միգուցե նաև չափից դուրս ուղիղությունն էր բացասական գծերից մեկը, որը երբեք մարդկանց դուր չի գալիս»։
Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ իր իշխանության տարիներին Ռոբերտ Քոչարյանը, նրա բնորոշմամբ, ներկայանալիության խնդիր ուներ, պարզ ասած՝ վատ էր ներկայացվում: Նրա պաշտոնավարումից շատ կարճ ժամանակ անց մենք կենսամակարդակի բարձրացում ունեցանք, բայց այդ մասին ճիշտ չէր ներկայացվում, այսօր էլ դրա մասին, կարծեք, շատերը մոռացել են: Փոխարենն այսօր տեսնում ենք ատելություն երկրորդ նախագահի անձի նկատմամբ: Մարտի մեկով պայմանավորված վերաբերմունքից զատ, հոգեբանն այստեղ նաև այլ պատճառ է տեսնում:
«Սա մեր ազգային բնութագիրն է, մենք ատելությունն ենք դրսևորում ցանկացած լավ ապրող մարդու նկատմամբ։ Մենք սիրում ենք հորինել կերպարներ, ումից պետք է նեղվենք, ովքեր մեզ պետք է թալանեն։ Բոլոր իշխանությունների օրոք կային այդ կերպարները․ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք կար Վանո Սիրադեղյանը, Սերժ Սարգսյանի օրոք կար Սաշիկը։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ չկար այդ կերպարը, որովհետև նա ոչ ոքի մոտ չէր թողնում»։
Ստացվում է, որ բանահյուսության բացասական հերոսի կերպարում այսօր հենց ինքն է՝ Ռոբերտ Քոչարյանը: Հայ նորագույն քաղաքական բանահյուսության երրորդ կերպար՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան.
«Այս կերպարը մի հետաքրքիր առանձնահատկություն ուներ, նա կարողանում էր երկար մտածել, ոչ թե տևողության իմաստով, այլ քայլերի։ Նրան խանգարող հիմնական գիծը շահախնդրությունն էր»։
Ըստ Մադաթյանի՝ հենց Սերժ Սարգսյանի օրոք ի հայտ եկան մարդիկ, որոնց իրոք անվանում էին օլիգարխներ: Երրորդ նախագահի բացասական գծերի ցանկում հոգեբանը առանձնացնում է նաև անձնային ու կրթական աճի հորիզոնական մակարդակը: Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, այդ աճն այս դեպքում տեղի չունեցավ։
«Եթե Քոչարյանի դեպքում անձնային աճը ակնհայտ էր, ապա պարոն Սարգսյանի պաշտոնավարման առաջին ու վերջին օրերին նա ունեցել է նույն իրավիճակը։ Գուցե հենց դա էր պատճառը, որ այն անձնային ցենզը, որն ուներ, ուժային կառույցներում ընդունելի էր, իսկ նախագահի պաշտոնի համար արդեն ընդունելի չէր»։
Երրորդ նախագահին բնորոշող ևս մեկ գիծ, որը հոգեբանը դժվարանում է որոշել, դրական, թե բացասական գծերի մեջ դասել՝ հանդուրժողականություն: Իր հանդուրժողականությամբ Սերժ Սարգսյանն անգերազանցելի է երրորդ հանրապետության բոլոր առաջին դեմքերի ցանկում:
Մանրամասները՝ [url=https://http://armradio.am/hy/16815?fbclid=IwAR2T0ZDqB4f98Lp6B-tFuGBZgEI8sN7TG2kQXFFQuyLcYisNiNLp2W7ePEY#.XQ40p0wytIk.facebook]սկզբնաղբյուրում.[/url]
Նմանատիպ նյութեր
3380 դիտում
20:40 03-05-2014
Ի՞նչ է ասում սև ակնոցով մարդը
11669 դիտում
23:00 28-12-2019
Տոնական Երեւան․ ռուսներն ընտրում են Հայաստանի մայրաքաղաքը. Armradio.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2149 դիտում
21:36 14-04-2021
Կեպիով ու ակնոցով խորհրդավոր անձը. ո՞վ է կանգնած Շիրակի մարզի հերթական կադրային խառնաշփոթի հետևում. 168.am