211652_close_icon

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք դեպքերում նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու մասին օրենքի նախագիծը

views-count1466 դիտում article-date 13:13 03-06-2019
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է որոշ դեպքերում դատավճիռը կայացնելու պահին 16 տարին չլրացած անձանց, հղի կանանց կամ խնամքին մինչև 8 տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կիրառել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից: Օրենքի նախագծով դատավճիռը կայացնելու պահին նշված անձանց նկատմամբ կարող է սահմանվել ավելի մեղմ պատիժ, եթե տվյալ օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է: Նման կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ չկարողանալով կիրառել կալանք պատժատեսակը, ստիպված էր լինում կիրառել ավելի խիստ պատժատեսակ՝ ազատազրկում՝ դրանով իսկ ի չիք դարձնելով նշված մարդասիրական նորմի հետապնդած նպատակը: Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ:

Նմանատիպ նյութեր