211652_close_icon
views-count103265 դիտում article-date 20:03 23-05-2019

Արտակարգ դեպք Արարատի մարզում. քառասունքի արարողությունն ավարտվել է դանակահարությամբ. կան վիրավորներ. Մասիսի ոստիկանները կանխել են վենդետան. ժամանել են մարզի, տարածքի ոստիկանապետերը, դատախազն ու ՃՈ դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանության պետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Աղմուկ- աղաղակ լսեցինք, մեկել տեսանք, որ մի քանի հոգի իրար հետ վիճաբանում են: 3 հոգու տարան հիվանդանոց, որոնցից երկուսը ծեծված էին, մեկն էլ նստատեղի հատվածում դանակի մի քանի հարված էր ստացել: Լավ էր Մասիսի ոստիկանները, ճանապարհային ոստիկանները վայրկյանների ընթացքում հասան էստեղ ու վենդետան կանխվեց»: Ֆոտոլրագրողի հարցին, թե ինչ գիտեք վենդետա է, քաղաքացիներն ասում էին. «Վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են և Մարմարաշենում մասնակցելիս են եղել իրենց հոր քառասունքին: էնտեղ ինչ-ինչ հարցեր են քննարկել ու էստեղ վիճաբանությունը շարունակվել է: Հենց տեսան միլիցեքը եկան, մի քանիսը թռան, իսկ վիրավորներին էլ միլիցեքն ուղեկցել են հիվանդանոց: Հիմա մնում է տաք հետքերով բռնեն դրանց»: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Մասիսի ոստիկանները՝ բաժնի պետ Ջ. Մարությանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արթուր Բաբայանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի դատախազ Վաղինակ Մկրտչյանը: Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են 2 դանակ, որոնցից մեկի բռնակը կոտրված է և վրան կան արնանման հետքեր և դարն ապրած ВАЗ 2106 մակնիշի 35 RV 836 համարանիշի ավտոմեքենա, որի դռների վրա և ավտոմեքենայի ներսում կան արնանման հետքեր: Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի ծառայողները՝ Արման Հարությունյանի գլխավորությամբ: 06-ից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է Opel մակնիշի 34 MF 224 համարանիշի ավտոմեքենա, սակայն նշված Opel-ը կապ չունի վիճաբանության հետ: Վարորդը կարմիր լուսացույցի տակ կանգնած է եղել, երբ 06-ը բախվել է օպելին: Վթարված Opel-ի փաստով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները պարզել են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր