88186 դիտում
23:59 15-05-2019
Կասկադյորական վթար Կոտայքի մարզում. Opel-ի վարորդը տապալել է ալյումինե ցանկապատը, այնուհետև կոտրել հսկա ընկուզենին և հայտնվել բնակելի տան այգում. կա 5 վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու ծառին և հայտնվել այգում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել տան բնակիչները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր ժամանել էին 3 մարտական հաշվարկով:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկները, ովքեր ժամանել էին մի քանի բրիգադով:
Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանութան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ովքեր վիրավորներին մոտեցրել են նաև շտապօգնության ավտոմեքենաներին:
Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանութան Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումրտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Բախման հետևանքով հսկա ընկուզենու մի հատված կոտրվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+