211652_close_icon
views-count1405 դիտում article-date 10:48 14-05-2019

Բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Երեկ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Դրան նախորդեց Քոչարյանի կողմնակիցների կազմակերպած երկու միջոցառում՝ Երկրորդ նախագահի «աջակիցների դաշինքի» ժողովը և Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Դա վկայում է այն մասին, որ Քոչարյանի կողմնակիցներն ակնհայտորեն ակտիվացել են և իրենց ակտիվությամբ ցանկանում են ազդել դատավարության ընթացքի վրա: Դատարանի դահլիճում էլ էին նրանք ակտիվ՝ ժամանակ առ ժամանակ լսվում էին «Ազատությո՜ւն» վանկարկումներ ու ծափեր: Իրավիճակն ինձ հիշեցնում է ՊՊԾ գնդի վրա հարձակված խմբի անդամների դատավարությունը՝ այն տարբերությամբ, որ այդ հարձակումը մեր համաքաղաքացիների մեծ մասը ողջունելի է համարում (այն ստանում էր նաև ֆեյսբուքյան համակողմանի աջակցություն), իսկ Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը նույն մեծամասնությունը, մեղմ ասած, դատապարտում է: Անկախ այդ հանգամանքից, նման դեպքերում ամբաստանյալի աջակիցների «ջոկատները» միշտ բավականին ագրեսիվ են լինում, և երեկ էլ նրանք հարձակվեցին Քոչարյանին մարդասպան համարող քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա: Իհարկե, ագրեսիվ է նաև Երկրորդ նախագահի նկատմամբ բացասական էմոցիաներ ունեցող մեր քաղաքացիների մեծամասնությունը, որը չի զլանում անեծքներ և հայհոյանքներ գրել Քոչարյանի հասցեին և հատկապես նրա դատավարության հետ կապված ամեն մի նյութի տակ: Այս նոր իրավիճակում ունենք «Առավոտի» նյութերի երկու տեսակի արձագանք: Բոցավառ նիկոլականներ. «Ո՞նց եք համարձակվում մեր Առաջնորդին բան ասել» և «Ինչո՞ւ եք այդ սրիկա ՀՀԿ-ականներին ու քոչարյանականներին ձեր թերթի էջերում տեղ տալիս»: Խանդավառ քոչարյանականներ. «Ո՞նց եք դուք համարձակվում թերություններ գտնել Արցախն ազատագրած և Հայաստանի տնտեսությունը ծաղկեցրած հերոսի մեջ»: «Առավոտն» իր լուսաբանումներում պահպանելու է հավասարակշռությունը, հարթակ է տրամադրելու բոլոր տեսակետների համար՝ որքան էլ դա ծայրահեղական հայացքներ ունեցողներին դուր չգա: Իսկ իմ մեկնաբանությունները ելնում են իմ այն համոզմունքից, որ բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի, և չկան մարդիկ, որոնք այդ ծայրահեղություններն արտահայտում են: Վստահ եմ, որ Քոչարյանն, այո, ունի արժանիքներ և ծառայություններ (հատկապես արցախյան պատերազմի ժամանակ), բայց չեմ կարող չարձանագրել, որ նա նաև բազմաթիվ վատ բաներ է արել պետության համար՝ մասնավորապես, սահմանափակելով ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը, «կատարելության» հասցնելով կոռումպացված համակարգը: ․․․ Ի դեպ, չեմ կարծում, որ Երկրորդ նախագահի բոլոր աջակիցները իրենց գործունեությունը ծավալում են բացառապես վարձատրության դիմաց»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր