211652_close_icon
views-count54672 դիտում article-date 15:52 10-05-2019

Արմավիրի մարզում նոր բունտ է հասունանում, վարորդները պահանջում են, որպեսզի ավտոմեքենաները լիցքավորվեն ճնշումով, այլ ոչ թե կիլոգրամով. մարզպետի հորդորով հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ մարզպետարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1 ժամից ավելի է, Արմավիրի մարզպետարանում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հանդիպում-քննարկում է տեղի ունենում Արմավիրի մարզի, մասնավորապես, Արմավիր և Վաղարշապատ քաղաքների տրանսպորտային միջոցների վարորդների հետ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդներն իրենց կարծիքն են հայտնում, որ վերջերս, ինչ սկսել են գազով մեքենաները լիցքավորել կիլոգրամով, իրենք «տակ են տալիս»։ Մարզպետ Հ. Մաթևոսյանի հետ զրույցում նրանք ասում էին. «Մենք չենք հասկանում՝ ո՞մ մտքով անցավ ճնշումով լիցքավորելը փոխել կիլոյով։ Կիլոյով լցնում ենք, տակ ենք տալիս։ Մի բան էլ մեր երեխեքի բերանից կտրում ենք, որպեսզի օրվա վարձը վճարենք։ Խնդրում ենք՝ կառավարությանը տեղեկացրեք, որ էդ կիլոյով լցնելը չի արդարացնում։ Ճիշտը նախկինի նման ճնշումով լցնելն է։ եթե այդ հարցը մի քանի օրերի ընթացքում չլուծվի, բոլորս դառնալու ենք գործազուրկ»։ Մարզպետն առաջարկեց բողոքի ակցիայի մասնակիցներից կազմել 4-5 հոգանոց խումբ ու հարցը առարկայական քննարկեն, ինչից հետո ինքն այն կներկայացնի կառավարությանը, որպեսզի ուսումնասիրեն խնդիրը։ Մարզպետը խոստացավ նաև, որ ինքը նույնպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի օրինակով կայցելի Արմավիրում գործող ավտոկայան և տեղում կծանոթանա իրավիճակին։ Իսկ իրավիճակը նրան ներկայացրեցին վարորդները՝ ասելով, որ ավտոկայանում տիրում է հակասանիտարական վիճակ. «Անգամ ջուր չկա, որ մարդիկ իրենց բնական կարիքները հոգան»։ Մարզպետն իր խոսքում հայտնեց, որ ինքը տեղյակ է, սակայն կարիք չի գտնում, որ այցելի այնտեղ, բայց հետամուտ կլինի, որպեսզի բոլոր բարձրաձայնված խնդիրները լուծվեն։ Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրել էին նաև, որպեսզի մարզպետն այցելի ավտոկայան, սակայն նա գերադասել էր կաբինետային հանդիպումը, ինչը շատ վարորդների սրտով չէր։ Որոշ վարորդներն էլ ասում էին, թե նման հանդիպումների «կնքահայրը» հանրապետականներն են եղել, ու հիմա ստացվում է, որ Արմավիրի մարզպետը գերադասում է նման ֆորմատի հանդիպումները։ Իսկ մի քանիսն էլ հակադարձում էին՝ ասելով, որ որտեղ ուզում է մարզպետը, թող հանդիպի, կարևորը՝ խնդիրը լուծվի։ Մարզպետի առաջարկով մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ քննարկում է, թե ինչ առաջարկություններ ներկայացնեն մարզպետին, որպեսզի վերջինն էլ այն ներկայացնի կառավարությանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր