211652_close_icon
views-count1423 դիտում article-date 15:01 15-04-2019

Լևոն Ջուլֆալակյան․ Ամեն մեդալ իր արժեքն ունի

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հունահռոեմական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 բրոնզե մեդալ նվաճեց՝ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը, 77 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը: Հունահռոմեկան ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց առաջնությունը և շեշտեց, որ թիմը ունակ էր անել ավելին. «Երկու մեդալը քիչ էր. ես ավելի մեծ սպասելիքներ ունեի: Մենք երկու քաշային կարգում սայթաքեցինք (նկատի ունի 63 և 72 կգ քաշային կարգերը- ՀԱՕԿ), և մեղավորությունը մարզիկներինն էր: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանի հնարավորությունները ներում էին եզրափակիչ դուրս գալու և այնտեղ պայքարելու համար։ Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ եզրափակչում, բայց նա պարտավոր էր այնտեղ հայտնվել (63 կգ քաշային կարգում Գալստյանն առաջին իսկ գոտեմարտում պարտվեց Ստիգ-Անդրե Բերգեին Նորվեգիայից, դրանից հետո էլ բրոնզե մեդալի համար պայքարում զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին): 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը բրոնզե մեդալի համար վատ գոտեմարտեց և հաղթանակը նվիրեց մրցակցին: Կարող էինք 4 մեդալ ունենալ: Արսեն Ջուլֆալակյանը նույնպես պետք է եզրափակչում գոտեմարտեր, սակայն տակտիկական սխալ թույլ տվեց, իսկ մրցավարներն էլ ճիշտ չգնահատեցին իրավիճակը: 2 բրոնզե մեդալը լավ արդյունք է ցանկացած երկրի համար: Մենք միշտ ձգտում ենք ոսկե մեդալների, բայց ամեն մեդալ իր արժեքն ունի»: Լևոն Ջուլֆալակյանը դժգոհ է առաջնությանը մասնակցած մի քանի ըմբիշներից. «Գևորգ Ղարիբյանը, Սարգիս Քոչարյանը, Ռուդիկ Մկրտչյանը իրենց հնարավորության սահմաններում չգոտեմարտեցին»: Հավաքականի գլխավոր մարզիչը բացատրեց, թե ինչու է ամբողջական կազմով ներկայացել այս առաջնությանը. «Բոլորից էլ սպասելիք ունեի, առջևում Եվրոպական խաղերն են, և 6 քաշային կարգում վարկանիշ էր պետք, իսկ այս առաջնությանն էլ մասնակցույթունը պատրադիր էր: Մյուս 4 քաշային կարգերում հանդես եկող մարզիկներից էլ սպասելիք ունեի: Դավիդ Օվասապյանին փորձի պակասը թույլ չտվեց լավ հանդես գալ, դեռ աճելու տեղ ունի, բայց քանի որ երիտասարդների աշխարհի ուԵվրոպայի մրցանակակիր է եղել, նրան հնարավորություն տրվեց: Աշխարհի առաջնությունից առաջ կմտածենք՝ քանի քաշային կարգում հանդես գալ»: Լևոն Ջուլֆալակյանը տեղեկացրեց նաև, որ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ հավաքականը կանցկացնի 2 ուսումնամարզական հավաք և կմասնակցի 1 միջազգային մրցաշարի։

Նմանատիպ նյութեր