211652_close_icon
views-count3652 դիտում article-date 22:09 14-04-2019

Միքայել Նահապետյան. «Վրացական հրաշքի» կրկնությունը անմիջականորեն չի ենթադրում Վրացական փորձի ուղղակի կրկնօրինակում

Միքայել Նահապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Քանի որ ոնց հասկանում եմ կառավարությունում Վրացական փորձով ոգեշնչված են` չեմ ալարել, համադրել եմ 2015թ. բյուջեի ծախսային մասերը ըստ գործառնական դասակարգման։ Բյուջեի մասին օրենքն ընդունելու պահին դոլարի միջին տարեկան փոխարժեքով համեմատած Վրաստանի բյուջեի ծախսը կազմել է մոտ 5 մլրդ դոլար, Հայաստանինը` մոտ 3 մլրդ դոլար։ Եթե ուշադիր լինենք ծախսային առաջնահերթություններին, ապա կտեսնենք, որ ըստ էության Վրաստանը պաշտպանական հարաբերականորեն փոքր ծախսերի արդյունքում խնայված միջոցների հաշվին ավելի շատ է ծախսում օրինակ տնտեսական զարգացման վրա։ Թե՛ մեկ շնչի հաշվով, թե՛ բացարձակ մեծությամբ ավելի շատ է ծախսում կրթության ու առողջապահության վրա։ Սրան զուգահեռ բյուջեի 1/4-ը ծախսում է կառավարական ապարատ պահելու վրա, որի վրա մենք ծախսում ենք 1/5-րդից պակասը։ Այս ծախսերի բերումով է նաև, որ Մրցունակության համաշխարհային ինդեքսով 2015-ին Վրաստանը ինստիտուտների կայացվածությամբ աշխարհի 140 երկրների շարքում եղել է 40-րդը, մենք` 76-րդը, ենթակառուցվածքներով եղել է 61-րդը, մենք` 82-րդը, առողջապահությամբ և հիմնական կրթությամբ 65-րդը, մենք` 95-րդը, Աշխատաշուկայի էֆֆեկտիվությամբ 32-րդը, մենք` 58-րդը։ Առանձնապես ուշադիր լինելու կարիք չկա` հասկանալու համար, որ ի թիվս այլ հանգամանքների Վրաստանին օգնել է 2008թ. հետո ԱՄՆ հովանու ներքո ռազմական ծախսերը կրճատելը։ Բնականաբար մենք չենք կարող մեզ թույլ տալ կրճատել ռազմական ծախսերից և դատելով մեր պաշտպանական քաղաքականությունից` դրանք նույնիսկ ավելանալու են։ Հետևաբար խնայողությունների համար պետք է այլ թիրախներ ընտրել` միևնույն ժամանակ չվնասելով մրցունակության բաղադրիչը հանդիսացող ուղղություններով առկա ցուցանիշներին։ Հիմա «միլիոնանոց հարցը». մինչև հիմա նշմարված հարկային քաղաքականությունները ենթադրում են հանրության առավել լայն շերտի վրա հարկային անուղղակի բեռի ավելացում, գնողունակության անկում, հետևաբար այս մարդկանց առնվազն կրթության և առողջապահության լրացուցիչ բեռը կամ ընկնելու է պետության վրա, կամ մնալու է «անտեր»։ Միևնույն ժամանակ հարկային այդ «բարեփոխումների» արդյունքում ակնկալվող 0.8% լրացուցիչ տնտեսական աճի պայմաններում ձևավորվելիք բյուջետային մուտքերը բավարար չեն մրցունակության բարձրացմանն ուղղված թիրախների վրա շոշափելի ներդրումներ անելու համար։ Ուստի «Վրացական հրաշքի» կրկնությունը անմիջականորեն չի ենթադրում Վրացական փորձի ուղղակի կրկնօրինակում։ Հարցը. որտեղի՞ց են բերվելու տնտեսական ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, ինստիտուցիոնալ զարգացման համար անհրաժեշտ միջոցները, եթե հարկերն իջեցվում են, իսկ հավելյալ արժեք չստեղծող ուղղություններով ծախսերը հարկադրված ենք ավելացնելու։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր