2463 դիտում
21:16 05-04-2019
1-ամյա Նարեկը ներանոթային բարդ և բացառիկ վիրահատությունից հետո փորձում է կանգնել
«1 տարեկան 4 ամսական է հիմա: Հունվարի 19-ին ցնցումով տեղափոխել ենք Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին օգնություն են ցուցաբերել և տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-պատմում է Նարեկի մայրը՝ Սոնա Կարապետյանը:
Արարատի մարզից 1-ամյա առողջ, աշխույժ և ժպտերես Նարեկի հետ կատարվածը ծնողների համար անհասկանալի էր:
«Ինչու»-ների պատասխանը գտնելու համար բժիշկները շտապեցին մի շարք հետազոտություններ անել:
«Երեխան վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել կոմատոզ վիճակի պատճառով և անմիջապես միացվել է արհեստական շնչառության սարքին»,- հիշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Գանգուղեղային արյան շրջանառությունը խանգարվել էր և զարգացել էր հիդրոցեֆալիա: Առաջինը հերթին նույնը օրը կատարվեց դրենավորում, այնուհետև՝ շունտավորում»,-նշում է «Սուրբ Աստվածամայր» բ/կ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Մարգար Մարտիրոսյանը:
Փոքրիկ Նարեկի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր հատուկ վիրահատություն, որը, ցավոք, Հայաստանում չի կատարվում, արտերկրում վիրահատությունն էլ կապված էր բավական մեծ ծախսերի հետ՝ շուրջ 10 մլն դրամ, ինչի հնարավորությունը ծնողները չունեին:
Բացի այդ, բժիշկները երեխայի տեղափոխումը գնահատում էին ռիսկային: Խորհրդակցելով հայաստանյան և արտերկրի լավագույն մասնագետների հետ՝ որոշվեց վիրահատությունը կազմակերպել Երևանում՝ Էրեբունի բժշկական կենտրոնում: Մարտի մեկ-ին Նովոսիբիրսկից հրավիրված բժիշկ Վիտալի Կիսելյովը և նյարդավիրաբույժ Դավիթ Սահակյանը կատարեցին ներանոթային բարդագույն վիրահատություն: Ի դեպ, վիրահատությունն արվեց անվճար:
«Պաթոլոգիան, որ երեխայի մոտ առկա էր բավականին բարդ խնդիր էր և, հաշվի առնելով, որ մենք չունենք մանկահասակ երեխաների հետ աշխատելու փորձ, վիրահատությունը մեծ ռիսկերի հետ էր կապված: Այնուամենայնիվ, ծնողների հետ քննարկելուց հետո որոշեցինք վիրահատել: Այս տարիքի երեխայի վիրահատելու առաջին փորձն էր, որը հաջող անցավ»,- պատմում է «Էրեբունի» բ/կ ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիթ Սահակյանը:
Վիրահատությունից անմիջապես հետո երեխան կրկին տեղափոխվեց «Սուրբ Ատվածամայր» բ/կ, որտեղ շուրջ մեկ ամիս մնաց բժիշկների մշտական հսկողության ներքո: Նարեկի կյանքը փրկելու գործում մեծ է ինչպես բժիշկների, այնպես էլ բոլոր այն մարդկանց դերը, ովքեր պատրաստ էին աջակցել, այդ թվում՝ Հայաստանի վարչապետն ու առողջապահության նախարարությունը:
«Հայաստանի առաջատար մասնագետներով համախմբված աշխատել ենք և այսօրվա դրությամբ կարող ենք հաղթանակ արձանագրել: Նման ռիսկային և մեծ ծավալի վիրահատություն կատարելը նույնպես հերոսություն է: Մենք, իրոք, ուրախանում ենք, որովհետև մեր սպասածից ավելի լավ արագ է ապաքինվում: Որ ասում են՝ ազգովի ենք պայքարել, իրոք, այդպես է»,-նկատում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Նարեկին պատահածը, ցավոք, հետք թողեց երեխայի առողջության վրա: Այսօր փոքրիկ տղան ունի լսողական և տեսողական խնդիրներ, նաև վերջույթների որոշակի թուլություն: Այժմ բուժումը շարունակվում է վերականգնողական կենտրոնում:
«Ոչ մի տեղ հույս չէին տվել, բայց փառք Աստծո, բժիշկները մինչև վերջ մեր կողքին կանգնեցին: Իսկ այսօր շարժումներ ունի: Երեկ նույնիսկ փորձել է կանգնել»,- ասում է Նարեկի հայրը՝ Կարեն Հակոբյանը:
Դեռևս տևական ժամանակ Նարեկը կմնա բժիշկների հսկողության տակ, որպեսզի խնդիրը չկրկնվի: Բժիշկները կշարունակեն նաև պայքարել, որ մի օր նա տեսնի ու լսի մայրական օրորը:
Նմանատիպ նյութեր
10714 դիտում
14:50 26-12-2015
25-ամյա Նարեկը Մագդային նկարել է կիսամերկ եւ իր հետ համբուրվելիս, որից հետո սկսել է շանտաժների շարքը
Այս բաժնից
466 դիտում
11:57 28-11-2024
Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի. Դիվանագիտական հարաբերությունները վերականգնվում են