211652_close_icon
views-count2254 դիտում article-date 10:47 22-03-2019

Մոռանանք «Լավրովի պլանի» մասին․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում, անշուշտ, կան քաղաքական ուժեր և գործիչներ, որոնք իրենց հավակնություններն այսպես թե այնպես կապում են Ռուսաստանի աջակցության հետ: Նրանցից շատերը սերտորեն համագործակցում են այդ երկրի քաղաքական շրջանակների հետ, «մեսիջներ» են ստանում կամ ուղարկում: «Ղարաբաղը Ռուսաստանի մանդատի տակ հանձնելը» հենց այդ տեսակի ուղերձ է: Առաջարկն, իմ կարծիքով, անընդունելի է, որովհետև եթե դու կամավոր զիջում ես քո ինքնիշխանության թեկուզ մի մասը, ապա նա, ով այդ մասը ստանում է, ավելի ազատ է իրեն զգում՝ այս կամ այն լուծում քո վզին փաթաթելու հարցում: Ինձ թվում է, պետք է հակառակը՝ ամրապնդել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը, և այդ առումով վարչապետի ջանքերը՝ այդ պետության ներկայացուցիչներին բանակցությունների կողմ դարձնելու ուղղությամբ, սկզբունքորեն ճիշտ են: Եվ հակառակը. ինձ թվում է, անիմաստ են՝ «պարոն Պուտինից հայ ժողովրդի հաղթանակը բերելու» փորձերը: Մինչև 2018 թվականի ապրիլը դա աշխատող մեխանիզմ էր, սակայն հիմա, երբ Հայաստանի քաղաքացիներն իրենք, առանց որևէ ճնշման, առանց արտաքին միջամտության ընտրել են իրենց իշխանությունը (իր բոլոր թերություններով հանդերձ), այժմ անիմաստ է դրսում փնտրել մեր իրականության վրա ազդեցության լծակներ: Ռուսաստանը հնարավորություն չունի Հայաստանում կամ Արցախում իշխանություն փոխելու, սակայն կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ղարաբաղյան խնդրի իր նախընտրած կարգավորման ծրագիրը (այսպես կոչված «Լավրովի պլանը», որն իր հերթին «մադրիդյան սկզբունքների վատթարագույն տարբերակ է) կյանքի կոչելու համար: Սա այն դեպքն է, երբ մենք բոլորս, մոռանալով տարաձայնությունների մասին, պետք է դրան դիմադրենք և օգնենք մեր իշխանությանը, որ այն նույնպես դիմադրի: Ես չգիտեմ, կան արդյոք աշխարհում հայեր, որոնք համաձայն են այդ ծրագրի հետ՝ տարածքների զիջում հանրաքվեի անորոշ խոստման դիմաց: Բայց եթե նման մարդիկ կան, ապա նրանք խորը մոլորության մեջ են, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի լայնամասշտաբ պատերազմ. այդ «պլանի» իրականացումը պարզապես հնարավորություն կտա Ադրբեջանին՝ իր համար ավելի հարմար դիրքից մեզ վրա հարձակվելու: Կարգավորման նման ծրագիրը մերժելու հարցում, համոզված եմ, հնարավոր է հասնել և աշխարհին ցույց տալ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև բոլոր հայերի միասնականությունը: Այնպես, ինչպես մենք չենք վիճում այն մասին, թե արդյոք եղել է Հայոց ցեղասպանություն, այնպես էլ, կարծում եմ, կարող ենք չքննարկել այն հարցը, թե արդյոք մեզ համար ընդունելի է «Լավրովի ծրագիրը»: Կողմերը և միջնորդները պետք է մտածեն ավելի իրատեսական գաղափարների մասին»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր