«Էվերթոնը» նվեր արեց «Արսենալին»՝ հաղթելով «Չելսիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում անակնկալ պարտվեց Լիվերպուլի «Էվերթոնին»:
Առաջին խաղակեսում լոնդոնցիները հսկայական առավելություն ունեին, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ֆանտաստիկ խաղաց «Էվերթոնի» և Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը, որը մի քանի դրվագում փրկեց թիմին:
Իսկ ահա երկրորդ խաղակեսում առավելությունն արդեն «Էվերթոնինն» էր, որը երկու անգամ կարողացավ գրավել «Չելսիի» դարպասը. գոլերի հեղինակ դարձան Ռիշարլիսոնը և Սիգուրդսոնը՝ 2:0
Այդ պարտությունից հետո «Չելսին» 57 միավորով մնաց 6-րդ տեղում և բարդացրեց իր վիճակը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում: «Արսենալը» 60 միավորով 4-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» 58 միավորով՝ 5-րդը: