1767 դիտում
16:12 12-03-2019
Արարատ Միրզոյանի ուղերձը Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ուղերձ է Վրաստանի խորհրդարանի նախագահին՝ երկրում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ, որում ասվում է.
«Մեծարգո պարոն Իրակլի Կոբախիձե,
իմ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների անունից սրտանց շնորհավորում եմ Վրաստանում առաջին օրենսդիր մարմնի` Հիմնադիր ժողովի ձեւավորման մեկդարյա տարեդարձի առթիվ:
Հարյուր տարի առաջ մեր երկու երկրները գրեթե միաժամանակ հռչակեցին երկար սպասված անկախությունը եւ սկիզբ դրեցին պետականաշինության նոր տարեգրության:
Չունենալով խորհրդարանական ավանդույթներ` ժամանակի գործիչներին հաջողվեց կազմակերպել ու անցկացնել համապետական ժողովրդավարական եւ բազմակուսակցական ընտրություններ, սկիզբ դնել օրենսդրական բեղուն գործունեության: Հատկանշական է, որ թե Հայաստանի, թե Վրաստանի` անցյալ դարասկզբին ձեւավորված խորհրդարանների կառուցվածքն ու ընդունած առաջին իսկ օրենքներն իրենց ժողովրդավարական բնույթով առաջանցիկ էին ժամանակի շատ երկրների օրենսդիր մարմինների գործունեությունից:
Մեծ է եղել խորհրդարանի դերակատարությունը երկրում ինչպես օրենսդրական դաշտի, այնպես էլ պետական համակարգի կայացման, միջխորհրդարանական կապերի հաստատման ու զարգացման, միջազգային հարթակներում համագործակցության ծավալման առումով: Ձեւավորված ավանդույթները ժամանակի ընթացքում իրենց շարունակականությունն են ունեցել եւ հաջողությամբ կենսագործվում են նաեւ ներկայում:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Վրաստանում պառլամենտարիզմի ձեւավորման 100-ամյակի կապակցությամբ, մաղթում արդյունավետ եւ արգասաբեր գործունեություն»։