Պաշտոնական. Զինեդին Զիդանը վերադարձավ «Ռեալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալը» քիչ առաջ պաշտոնանկ արեց Սանտյագո Սոլարիին: Ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին Զիդանը, որի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2022 թվականը:
Սոլարիի ղեկավարությամբ «Ռեալը» դուրս մնաց Իսպանիայի Գավաթից և Չեմպիոնների լիգայից, իսկ Լա Լիգայում զբաղեցնում է 3-րդ տեղը՝ «Բարսելոնայից» ետ մնալով 12 միավորով: Արգենտինացին «արքայական» ակումբը մարզում էր հոկտեմբերից՝ փոխարինելով Խուլեն Լոպատեգիին:
Զիդանն արդեն արդեն ղեկավարել էր մադրիդյան ակումբը 2016-18 թվականներին: Թիմի հետ նա երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու աշխարհի ակումբային առաջնությունը, մեկական անգամ՝ Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը:
Որպես «Ռեալի» մարզիչ Զիդանը 149 հանդիպում էր անցկացրել, տարել 104 հաղթանակ, 16 պարտություն կրել և 29 անգամ ոչ-ոքի խաղացել: