72438 դիտում
13:23 11-03-2019
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. Զարթոնք գյուղի բնակիչներն ասում էին. «Եթե մի գյուղապետ Շուրա Բալագանովի նման Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարներն է գրպանում, նա գյուղում անելիք չունի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 11-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղապետարանի դիմաց են հավաքվել մեծ թվով գյուղացիներ, ովքեր պահանջում են գյուղապետ Պարույր Սարգյանի հրաժարականը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «23 տարի է՝ գյուղապետը տզրուկի նման ծծում է մեր արյունը, համբերության բաժակն արդեն լցվել է։ Եթե մի մարդ թամա է անում Քառօրյա պատերազմում կռված տղերքի գումարնեը յուրացնելով, թող ներեն մեզ՝ դա առնվազն սրբապղծություն է, իսկ նման գյուղապետ էլ չենք ուզում ունենալ։ Դիմել ենք վարչապետի վերահսկողական ծառայություն՝ Դավիթ Սանասարյանին՝ խնդրելով, որպեսզի ստուգումներ իրականացնեն և բազմաթիվ ապօրինություններ կհայտնաբերվի։ Սոցիալապես անապահով ընտանիքների անուններով խոշոր չափի գումարներ է դուրս գրել, մի մասը տվել է, մի մասն էլ հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալագանովի նման գրպանել է։ Մենք բազմթիվ փաստեր ունենք գյուղապետի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ, ու այդ ամենը պատրաստվում ենք ներկայացնել Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանին և վստահ ենք, որ նա, երբ ծանոթանա մեր ներկայացրած փաստերին, կդիմի կառավարություն, որպեսզի սկսեն գյուղապետարանում աուդիտ անցկացնել և կհորդորի գյուղապետին, որպեսզի նա, ով 23 տարի է՝ գյուղապետ է, ինքնակամ հրաժարական տա, հակառակ դեպքում մենք մինչև վերջ պայքարելու ենք ու իզուր չէ, որ երեխաները այսօր առավոտից արտասանում են Սիլվա Կապուտիկյանի «Այս գարնան հետ, այս զարթոնքի...»։ Մենք ուզում ենք այդ գարնան հետ զարթոնք գյուղն ունենա իրական զարթոնք, իսկ դրա պատճառը՝ հիմնավորված, մենք ներկայացնելու ենք պատկան մարմիններին։ Իրոք, բավական է, համբերության բաժակը լցվել է»։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Քառօրյա պատերազմի մասնակիցները նույնպես ներկայացրեցին իրենց պահանջներն ու թղթաբանությամբ ապացուցում են, որ գյուղապետը, իրոք, իրենց անվամբ դուրս գրված գումարները յուրացրել է։ Նա անգամ յուրացրել է սոցիալապես անապահով ընտանիքին տված, ինչպես ժողովուրդն է ասում, «յուղը վրեն» Hyundai մակնիշի ավտոմեքենան, հետո ինչ-ինչ ճանապարհներով արդեն երկար ժամանակ է, ինքն է այդ մեքենայով շրջում։
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արմավիրի և Մեծամորի բաժինների ծառայողները՝ Արմավիրի ոստիկանապետ Հայկ Թումանյանի, Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Ռուբեն Գասպարյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարզպետը պատրաստվում է բողոքի ակցիայի մասնակիցներից կազմված խմբի անդամներին ընդունել մարզպետարանում՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+