211652_close_icon
views-count1753 դիտում article-date 12:51 03-05-2026

Հրդեհ՝ Երևանում. հրշեջները կանխել են կրակի տարածումը. նրանք, շտապօգնության բժիշկներն ու պարեկները տարհանել են 20 քաղաքացու. կան հիվանդանոց տեղափոխվածներ. 2 երեխայի հիվանդանոց են տեղափոխել պարեկները, հրդեհը գազի հետ կապ չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան փողոցի շենքերից մեկում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բազմահարկ շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ազատ Թադևոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մկրտչյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վլադիմիր Վաթյանը, Սերգեյ Հարությունյանն ու Արշալույս Ղուկասյանը։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ փրկարարների հետ պարեկները տարհանել են մոտ 20 քաղաքացու, որոնցից 4-ին տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Խաչատրյանի հանձնարարականով պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը 2 տարեկան 2 երեխաների իրենց ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։

Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել կանխել կրակի տարածումը։ Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել են 2 սենյակները, ինչպես նաև 7-րդ հարկի պատուհանների շրջանակները։

Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել են շենքի տակ կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչները նշում էին, որ եթե հրշեջները օպերատիվ չգործեին, կրակը, որը շատ արագ տարածվում էր, ավելի մեծ տարածք կընդգրկեր և հենց հրշեջների աշխատանքի շնորհիվ է, որ դա տեղի չունեցավ. «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ոչ միայն հրշեջներին, այլ նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկներին, պարեկներին, ովքեր ժամանակին կատարեցին տարհանումը և բժշկական օգնության կարիք ունեցողներին տեղափոխեցին հիվանդանոցներ»։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցներ, սակայն նրանց կարիքը չի զգացվել, քանի որ այն տունը, որտեղ բռնկվել է հրդեհը, գազաֆիկացված չի եղել։

Տեղում աշխատել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են հանգամանքները և տարհանված քաղաքացիների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր