211652_close_icon
views-count1024 դիտում article-date 14:57 02-05-2026

Թոշակառու կնոջ 15 տարվա պայքարը․ հարևանների շինարարության հետևանքով տան առաստաղները, պատերը քանդվել են, իսկ իրեն ասել` «դու այստեղից պետք է գնաս». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 15 տարի է, ինչ Երևան քաղաքի Արագածի 70/3 հասցեի բնակիչ, 71-ամյա Լարիսա Այվազյանը պայքարում է ոչ միայն իր տան, այլև իր արդարության համար։ Նրա կյանքը վերածվել է երկարատև դատական քաշքշուկի՝ հարևանների՝ Նարինե Արամյանի և Հովհաննես Շահինյանի հետ, սակայն խնդիրը մինչ օրս մնում է չլուծված։
Այս պատմությունը սկսվել է դեռևս 2010 թվականին, երբ հարևանները սկսել են եռահարկ առանձնատան շինարարություն՝ անտեսելով շինարարական նորմերը։ Արդյունքում՝ Լարիսա Այվազյանի տունը կրել է լուրջ վնասներ․ քանդվել են պատերը, խարխլվել ու փլվել է առաստաղը, իսկ երբեմնի ապահով բնակարանը դարձել է վտանգավոր ու կիսաքանդ տարածք։

Տիկին Լարիսան պատմում է, որ շինարարության ընթացքում նույնիսկ վնասել են իր տան պատերը՝ թողնելով միայն ծեփի շերտը։ «Ասում էին՝ դա անում են, որ ես հեռանամ այստեղից, որովհետև իրենք կարող են անել ինչ ուզում են։ Ասում էին՝ շատ փող ունեն»,- վրդովված հիշում է նա։

Սկսվել է երկարատև դատական պայքար։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է նրա պահանջը՝ պարտավորեցնելով պատասխանող կողմին փոխհատուցել 3 միլիոն 600 հազար դրամ։ Սակայն դրանով պատմությունը չի ավարտվել․ գործը հասել է վերաքննիչ դատարան, ապա՝ վճռաբեկ։

Չնայած դատարանների որոշումներին, տիկին Լարիսայի ցավը միայն նյութական չէ։ Նրա խոսքով՝ հարևանները ոչ միայն քանդել են իր տունը, այլև փաստացի ներխուժել են իր տարածք, խախտելով նրա խաղաղ ու ապահով կյանքի իրավունքը։

Այսօր, 15 տարի անց, նա դեռ սպասում է վերջնական արդարությանը՝ հույս ունենալով, որ օրենքը կվերականգնի ոչ միայն իր տան պատերը, այլ նաև իր խաթարված արժանապատվությունը։

Լուսանկարները ու տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր