211652_close_icon
views-count1462 դիտում article-date 17:09 01-05-2026

Վրաերթ՝ Կոտայքի մարզում. «Mercedes»-ը Պռոշյան գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են վերջինի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. Ժամը 00:05-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նարեկ Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 67-ամյա Ստեփան Ս.-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր