211652_close_icon
views-count1838 դիտում article-date 19:32 07-03-2019

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդին

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան ժամանած ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Հայր Սուրբին` վերստին շնորհավորելով առաջնորդ ընտրվելու կապակցությամբ: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ Հայր Դանիելն իր բազմամյա նվիրյալ ծառայության շնորհիվ սիրված է հայ համայնքի կողմից և վայելում է ամենքի վստահությունը: Խոսելով հայ համայնքի կյանքում առկա խնդիրների և մարտահրավերների մասին` Վեհափառ Հայրապետը համոզմունք հայտնեց, որ, աջակից ունենալով հոգևոր դասին և հավատավոր հայորդյաց, հնարավոր կլինի դրանք հաղթահարել և ազգային-եկեղեցական կյանքը վերընթացի մեջ պահել: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ հովվական խնամքի ներքո մեր ժողովրդի զավակները ապրեն ազգային-հոգևոր արժեքներով, հավատարիմ մնան իրենց ինքնությանը և, ծաղկեցնելով հայ համայնքը, իրենց օգտակար ծառայությունը բերեն ազգին, հայրենիքին և Եկեղեցուն: Զրույցի ընթացքում ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդն իր որդիական սերն ու երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին` դեռևս Մայր Աթոռում իր սարկավագության տարիներից սկսյալ իր նկատմամբ մշտապես ցուցաբերված հայրական խնամքի և վստահության համար` պատիվ նկատելով առաջնորդական հանգամանքում իր ծառայությունը Հայոց Եկեղեցուն: Հայր Դանիելը ևս անդրադարձ կատարեց թեմի և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին` նշելով, որ իր ողջ ուժերն և կարողությունները պիտի ներդնի և ծառայեցնի ի պայծառություն Արևելյան թեմի և ի բարօրություն հավատավոր ժողովրդի: Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աստծո զորակցությունը և հաջողություններ մաղթեց Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին իր առաջնորդական առաքելության մեջ:

Նմանատիպ նյութեր