211652_close_icon
views-count3039 դիտում article-date 15:33 07-03-2019

Մինչև 16 տարեկանների և հղի կանանց նկատմամբ ավելի մեղմ պատիժ սահմանող դրույթը հավանություն ստացավ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով. «3. Դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կարող է նշանակվել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, եթե սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է»: Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ «Քրեական օրենսգրքի՝ «Կալանքը» վերտառությամբ 57-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Կալանքը չի նշանակվում դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ»: Անշուշտ, մարդասիրական դրդումներով նախատեսված այս նորմը, իրավակիրառ պրակտիկայում հանգեցրել է որոշ խնդիրների: Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում դիմող կողմը բարձրացնում է այն հարցը, որ որոշ դեպքերում քննարկվող մարդասիրական նորմը հանգեցնում է դրանում ընդգրկված անձանց նկատմամբ ավելի խիստ և անհամաչափ պատժի նշանակման, ինչը օրակարգային է ՀՀ իրավակիրառ պրակտիկայի համար: Այսինքն քանի որ հնարավոր չէ կիրառել կալանք այդ անձանց նկատմամբ, դատարանը ստիպված է լինում կիրառել ավելի խիստ պատիժ՝ ազատազրկում: Հիշյալ խնդիրն առաջանում է այն դեպքում, երբ համապատասխան հոդվածի սանկցիան կալանք և ազատազրկում պատժատեսակներից բացի, այլ պատժատեսակ չի նախատեսում, որպիսի պայմաններում տվյալ անձի նկատմամբ կիրառելի է դառնում միայն ազատազրկումը, ինչն ավելի խիստ պատժատեսակ է, քան կալանքը: Ազատազրկում պատժատեսակի նշանակումը կոնկրետ գործով ոչ համաչափ գնահատելու դեպքում դատարանին ոչինչ չի մնում, քան Օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նշանակել նախատեսվածից մեղմ պատիժ՝ անգամ դրա հիմքերի բացակայության դեպքում անձի իրավունքների խախտում թույլ չտալու նպատակով»,- պարզաբանեց նախարարը: Նրա խոսքով, այս կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին խուսափել այդպիսի իրավիճակներից: «Նախատեսվող կարգավորումը ազատազրկում պատժատեսակի կիրառումը ոչ համաչափ համարելու դեպքում դատարանին օրենսդրորեն հնարավորություն է ընձեռում նշանակել ավելի մեղմ պատիժ»,- ասաց նախարարը:

Նմանատիպ նյութեր