4214 դիտում
21:45 20-02-2019
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ԵՊՀ գիտական խորհրդի քարտուղար, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ տեղի է ունենում համալսարանական գիտամշակութային կարևոր իրադարձություն՝ «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ-ի և ԵՊՀ-ի կողմից հրատարակվող «Գիտական Արցախ» պարբերականի շնորհանդեսը:
«Պետք է նշեմ, որ ԵՊՀ-ն սերտորեն համագործակցում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հետ: Այս ընթացքում հասցրել ենք համատեղ շատ միջոցառումներ անցկացնել»,- ասաց Մ. Սողոմոնյանը:
Մենուա Սողոմոնյանը պատմեց Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած առաջին միջոցառման՝ երիտասարդական գիտաժողովի մասին, որը նվիրված էր Հայոց պետականության հիմնախնդիրներին:
«ԵՊՀ դասախոսներն ու ուսանողներն իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան այդ գիտաժողովին, և ուրախալի է, որ ԵՊՀ գիտական խորհրդի՝ նոյեմբերի 29-ին տեղի ունեցած նիստում հրատարակության երաշխավորեց «Գիտական Արցախ» պարբերականը, որն իր մեջ ներառում է այդ գիտաժողովի լավագույն հոդվածները», - հավելեց պարոն Սողոմոնյանը:
Այնուհետև ելույթով հանդես եկավ ԱԵԳՄՄ-ի նախագահ Ավետիք Հարությունյանը, որը նախ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ղեկավարությանը՝ ցուցաբերած աջակցության և համատեղ իրականացված աշխատանքների համար, ապա հակիրճ ներկայացրեց ԱԵԳՄՄ-ի գործունեությունը, կազմակերպած միջոցառումները, ինչպես նաև «Գիտական Արցախ» հանդեսի բովանդակությունն ու խմբագրական կազմը, որի մեջ ներառված են և՛ արցախցի, և՛ օտարերկրացի գիտնականներ:
««Գիտական Արցախ» պարբերականի խմբագրությամբ զբաղված օտարերկրացի գիտնականները, որոնց հոդվածները նույնպես տպագրվել են այս պարբերականում, հնարավորություն են ունեցել այդ ընթացքում Արցախը ճանաչելու նաև իր ակադեմիական ներուժով»,- նշեց Ավետիք Հարությունյանը:
Պարբերականի խմբագրական խորհրդի նախագահն է եղել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան նաև խմբագրական խորհրդի մի քանի անդամներ և հոդվածագիրներ:
Քաղ. գիտ. դոկտոր, դոցենտ Խաչիկ Գալստյանի խոսքով, «Գիտական Արցախ» պարբերականի հրատարակումը ստեղծագործ գիտնականի համար նման է զավակ ունենալուն. «Այս պարբերականը ստեղծագործ, հոգևոր ժառանգություն է, և դեռևս անցած տարի՝ Արցախում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, ես նշեցի, որ Արցախը մեր նորագույն պատմության լուսավոր, ինքնաոգեշնչման և ինքնանվիրաբերման կետն է»:
Ըստ բանախոսի՝ «Գիտական Արցախ»-ը պետք է դառնա գիտական դիվանագիտության առանձին ճյուղ, որն անհրաժեշտ է
միասնականորեն զարգացնել:
Պարբերականի խմբագրական կազմի անդամ, ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղ.
գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանի հավաստմամբ, պարբերականը շատ կարևոր հարթակ է, որտեղ ինչպես դասախոսները, այնպես էլ ուսանողները կարող են իրենց հոդվածները տպագրել:
«Ամեն մի քայլ, որն արվում է Արցախի գիտական, մշակութային կյանքում, կարևոր ներդրում է Արցախի միջազգային ճանաչման գործընթացի մեջ»,- շեշտեց պարոն Քեռյանը:
Գարիկ Քեռյանը խորհուրդ տվեց նաև տարվա վերջում լավագույն հոդվածներն անգլերեն թարգմանել:
Ելույթով հանդես եկավ նաև խմբագրական կազմի անդամ, ԵՊՀ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Հովսեփյանը. «Արցախն այսօր որակական բոլորովին նոր հարթության վրա է, որտեղ կարևոր նշանակություն ունի նաև երկրի գիտական կյանքը: Գրախոսելով լրագրության բաժինը՝ պետք է փաստեմ ներկայացված աշխատանքների բարձր որակի մասին»:
Ավետիք Հարությունյանը, մեկնաբանելով «Գիտական Արցախ» անվան ընտրությունը, նշեց, որ այն նպատակ ունի առաջին հերթին օտարերկրացիներին ցույց տալու, որ Արցախը միայն կոնֆլիկտային գոտի չէ:
«Արցախ ասելով՝ շատ հաճախ օտարերկրացիները պատկերացնում են միայն պատերազմական գոտի, չլուծված հիմնախնդիր, Ադրբեջանի հետ տարաձայնություններ,-մանրամասնեց պարոն Հարությունյանը,- մեր նպատակն է Արցախին ներկայացնել գիտական և ակադեմիական տեսանկյունից, քանի որ այն հարուստ է նաև գիտական կյանքով ապրող մարդկանցով»:
Մեզ հետ ունեցած հարցազրույցում պարոն Հարությունյանը նշեց, որ Հայաստանում, Արցախում, Սփյուռքում ապրող հայ և օտարերկրյա հայտնի գիտնականներն իրենց աշխատանքներով կարող են հարստացնել ինչպես Արցախին վերաբերող հետազոտությունները, այնպես էլ նպաստել Արցախի ճանաչելիությանն ամբողջ աշխարհում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1750 դիտում
17:23 23-09-2019
ԵՊՀ գիտական խորհրդի պահանջով հրավիրվել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստ
Այս բաժնից
772 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
643 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
442 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը