4690 դիտում
20:05 25-03-2017
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու-2016» յոթ հատորների շնորհանդեսը
Ուսանողական գիտական պարբերականի էջերում տեղ են գտել 179 հոդվածներ, որոնք ընտրվել են 400 զեկուցված հոդվածներից: Զեկուցումներից հետո հոդվածներն անցել են գրախոսության փուլը, այնուհետև երաշխավորվել տպագրության: Խմբագրման և սրբագրման աշխատանքների ավարտից հետո էլ դրանք տեղադրվել են ԵՊՀ ՈՒԳԸ կայքում: Հոդվածների էլեկտրոնային տարբերակները հասանելի են եղել դեռևս 2016 թ.-ի սեպտեմբերից:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ողջունելով և շնորհավորելով հոդվածագիրներին, նշեց, որ սա ուսանողական կառույցի հերթական ձեռքբերումներից մեկն է, որը հարյուրավոր երիտասարդների հնարավորություն է ընձեռում իրենց գիտական ուսումնասիրությունները տպագրելու ԲՈՀ-ի (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) կողմից երաշխավորված գիտական պարբերականում:
Թեև ՈՒԳԸ-ն չունի գործող խմբագրություն, այնուամենայնիվ կարողանում է աշխատանքները ժամանակին համակարգել և նախաձեռնել այնպիսի միջոցառումներ, որոնք միտված են գիտական հոդված գրելու և սրբագրելու առանձնահատկություններին: ՈՒԳԸ-ականները պարբերաբար իրականացնում են նաև խմբագրական աշխատանքներ: Նրանք գործի են դնում իրենց մասնագիտական փորձը, հնարավորությունները և օգնում, որպեսզի հոդվածները ժամանակին տպագրվեն:
ՈՒԳԸ նախագահը հոդվածների տպագրման հիմնական խնդիրները կապում է տեխնիկական և ֆինանսական գործոնների հետ: Բանն այն է, որ հոդվածներից շատերը երաշխավորման փուլ անցնելու խնդրով պայմանավորված՝ շատ հաճախ ուշ են հասնում խմբագրական խորհրդի անդամներին: Մեկ այլ խնդիր է նաև սրբագրման աշխատանքների կազմակերպումը, որը երկար ժամանակ է պահանջում:
Մեր այն հարցին, թե որ ոլորտներում է հոդվածների տպագրման ակտիվություն նկատվում, Մհեր Հակոբյանը պատասխանեց. «Արդեն տարիներ շարունակ լավագույն եռյակում են հայտնվում Հայ բանասիրության, Պատմության և Իրավագիտության ֆակուլտետների բաժանմունքների աշխատանքները: Այստեղ ներկայացվող զեկուցումները քանակական առումով այնքան շատ են, որ դրանք երբեմն տպագրվում են առանձին հատորներով»:
Մհեր Հակոբյանը փաստեց նաև, որ համամասնության խախտման խնդիրը հասկանալի պատճառաբանություն ունի. «Չէ՞ որ բնագիտական ոլորտում ավելի դժվար է հոդվածներ պատրաստել և գիտական նորույթ բացահայտել»:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Քնար Միսակյանի համար սա արդեն երկրորդ տպագրված գիտական հոդվածն էր: Ըստ նրա՝ սա մի ուրույն հարթակ է ուսանողների համար, որը թույլ է տալիս ոչ միայն տպագրված տեսնել երկարատև աշխատանքի արդյունքը, այլև կատարելագործվել և ավելի մոտենալ գիտական աշխարհին:
Ի դեպ, «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու»-ի 7-րդ հատորը հատուկ թողարկում է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հատորում տեղ գտած հոդվածները վերաբերում են ցեղասպանության խնդիրներին, որոնք արտացոլվել են տարբել ոլորտներում:
Տեղեկացնենք նաև, որ ՈՒԳԸ գիտական հոդվածների ծողովածուները տպագրվել են ՀԵՀ ֆինանսական աջակցությամբ:
Նմանատիպ նյութեր
4507 դիտում
22:51 24-12-2016
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ՈՒԳԸ 2016-2017 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը
1048 դիտում
19:33 29-10-2015
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը
5896 դիտում
11:50 02-12-2023
Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Վահան Թեքեյանի «Յօդուածների ժողովածու»-ի երկրորդ հատորի շնորհանդեսը