211652_close_icon
views-count3205 դիտում article-date 12:52 19-02-2019

Հայաստանի և Վրաստանի միջև հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ են անցկացվել

Փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հյուպատոսական հարցերով երկկողմ խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը, ողջունելով Վրաստանի պատվիրակությանը, գոհունակությամբ արձանագրեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների և դեսպանությունների միջև ձևավորված կառուցողական և արդյունավետ համագործակցությունը։ Վրաստանի պատվիրակության ղեկավար, ԱԳ նախարարության հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Գեորգի Տաբատաձեն, շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, իր հերթին նշեց, որ երկկողմ օրակարգում չկան այնպիսի հյուպատոսական խնդիրներ, որոնք հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով, հենց այդ նպատակով էլ իրենք ժամանել են Երևան: Խորհրդակցությունների ընթացքում կողմերն անդրադարձան երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող խնդիրներին, քննարկեցին Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին Եվրամիության, հարևան երկրների հետ հյուպատոսական հարաբերությունների վերաբերյալ: Վրացական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ հանդիպումներն ավելի հաճախակի դարձնել: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ խորհրդակցություններն անցկացնել Թբիլիսիում:

Նմանատիպ նյութեր