211652_close_icon
views-count1167 դիտում article-date 19:25 15-02-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Խորհրդարանի նախագահը, կարեւորելով հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծել է, որ դրանց հիմքում նաեւ երկու ժողովուրդների միջեւ պատմամշակութային բազմադարյա կապերն ու Ֆրանսիայի հայկական համայնքի առկայությունն է: Արարատ Միրզոյանը գոհունակությամբ փաստել է, որ Ֆրանսիան աշխարհում Հայոց ցեղասպանությունն օրենքի ուժով ճանաչած առաջին երկիրն է: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է վերջերս ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հռչակելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հանձնառության վերահաստատումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի գործուն ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Անդրադառնալով երկկողմ օրակարգին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է նաեւ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական ու մշակութային կապերի խորացումը: Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից արժեւորվել է Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության հիմնման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Ժոնաթան Լաքոտը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն արդեն խորհրդարանական կառավարման համակարգի անցած երկիր է: Դեսպանը, անդրադառնալով երկու երկրների պատգամավորների փոխգործակցությանը, նշել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում կան ծագումով հայ մեծ թվով պատգամավորներ, ովքեր ակտիվ համագործակցում են Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ բացի հայկական ծագում ունեցող պատգամավորներից, ֆրանսիացի խորհրդարանականները եւս իրենց համարում են Հայաստանի բարեկամներ: Կողմերը կարեւորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը, օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ համապատասխան հանձնաժողովների մակարդակով: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին, Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին: Դեսպանը վստահեցրել է, որ համաձայնագրի վավերացման հարցն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողովի օրակարգում է՝ նաեւ ընդգծելով, որ փաստաթղթի ընդունումը չի ուշանա:

Նմանատիպ նյութեր