211652_close_icon
views-count1385 դիտում article-date 19:58 30-05-2019

Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցել է տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ս. թ. մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ տերունի այս տոնը հռչակվել է նաև Սուրբ Էջմիածնի ուխտի օր: Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց տերունական տոնի առիթով մատուցվող Պատարագի սրբազան արարողությանը, որին ներկա էին նաև հայաստանյան թեմի առաջնորդները, առաջնորդական տեղապահներն ու բազում ուխտավոր հայորդիներ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Սուրբ Պատարագի իր քարոզում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց օրվա խորհրդին` ի մասնավորի նշելով. «Համբարձման տոնը և համբարձման ավետարանական դրվագը մի շատ կարևոր պատգամ է մեզ՝ հավատարիմ մնալու Հայր Աստծո այն խոստմանը, որ համբարձումից տասն օր հետո Հոգեգալստյան տոնին հեղվելու է ամենքիս վրա իբրև Սուրբ Հոգու շնորհ: Հայր Աստծո խոստումը Քրիստոսի Եկեղեցու հիմնադրումն էր երկրի վրա: …Եվ ուրեմն, առաքյալները շարժվում էին Քրիստոսի ոտնահետքերով, բայց շարժվում էին ոչ թե հուսահատության և տրտմության մեջ, այլ շարժվում էին, որովհետև արդեն Քրիստոսի խոստումին հավատարիմ ունեին առաքելական գիտակցություն: Նրանց համար կյանքն այլևս անապատ չէր, որտեղ անտարբերություն և հուսահատություն է միայն տիրում, նրանց համար կյանքը նաև դրախտ ու ձրի պարտեզ չէր: Կյանքը սպասում էր նրանց, որպեսզի նրանք սիրո, հույսի և հավատի հունդերը հողի մեջ դնեին և սպասեին պտղաբեր իրենց համայնքների հիմնադրմանը: Եվ, ուրեմն, տեսնում ենք, սիրելիներ, որ Քրիստոսի համբարձումը միայն նրա երկրավոր առաքելության կնիքն է և փոխանցումն այն առաքելական գիտակցության, այն խոստումի, որ Քրիստոսի գործը շարունակվելու է Նրա Սուրբ Եկեղեցու և Նրա առաքյալների միջոցով: … Քրիստոսի համբարձումից հետո է, որ ամենքս դարձանք մեկ մարմին, մեկ հոգի և մեկ միտք, մեկ` մկրտությամբ և մեկ` Տիրոջով»: Հայր Շահեն ընդգծեց, որ Փրկչի համբարձմամբ է, որ Տերը հավատացյալներին պարգևեց ամենատարբեր շնորհներ: Պատարագիչ Հայր Սուրբը հիշեցրեց ուխտավորներին նաև, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությունն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսական Աթոռը տեղափոխող հայրերը գիտակցեցին, որ, ուր Լուսավորչի տեսիլքով նոր ոտնահետք է հայտնվել Հայաստան երկրում, այնտեղ է նախամեծար Կաթողիկոսական Աթոռի վայրը: Մենք աղոթքի մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անվանում ենք սնիչ և դաստիարակիչ Հայաստանյայց բոլոր եկեղեցիների: Էջմիածինը միայն շենք չէ, միայն քարից կառուցված եկեղեցին չէ: Էջմիածինը Քրիստոսի ոտնահետքն է Հայաստան աշխարհում: Էջմիածինը մեր այն սրբությունն է, որը հայ ժողովրդի համար եղել է արարող միտք, բաբախող սիրտ և հայ ժողովրդի հավաքական կամքի արտահայտություն», - փաստեց Շահե ծայրագույն վարդապետը՝ հավելելով, որ Համբարձման տոնի և Կաթողիկոսական Աթոռի տեղափոխության այս երկու կարևորագույն իրադարձությունները բարի լուր են տալիս մեզ, ըստ Տիրոջ խոսքի՝ «Մի վախեցեք, որովհետև ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»: Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատավոր ժողովրդին աղոթել և կրկին անգամ նորոգել հավատարմությունը Հայր Աստծու խոստումի նկատմամբ ու շարականագրի խոսքերով ասել՝ «Անշարժ պահե՛ա զԱթոռ Հայկազնեայց»: Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա ժողովուրդն աղոթեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու հավերժ պայծառության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր