211652_close_icon
views-count1334 դիտում article-date 16:01 13-02-2019

Հռոմի պապը պատասխանել Է Մադուրոյի նամակին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատասխան է ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակին, որում նա քահանայապետին խնդրել Էր օժանդակել այդ երկրում «երկխոսությունը դյուրացնելուն»: Այս մասին հայտնել են իտալական մի քանի լրատվամիջոցներ: Corriere della Sera միլանյան թերթի տվյալներով՝ ուղերձը գրվել Է փետրվարի 7-ին, ընդ որում՝ քահանայապետը դրանում օգտագործել Է «մեծարգո պարոն Մադուրո», այլ ոչ թե «նախագահ Մադուրո» դիմելաձևը: Նամակում Ֆրանցիսկոս պապը նշել է, որ իրեն «խորապես մտահոգում Է ստեղծված իրադրությունը» և անհանգստացնում է «Վենեսուելայի փառապանծ ժողովրդի տառապանքները», որոնց, ինչպես երևում է, վերջ չկա»: Միևնույն ժամանակ նա ուշադրություն է դարձրել այն փաստի վրա, որ վերջին տարիներին արդեն քանիցս տարբեր փորձեր են ձեռնարկվել «ելք գտնելու վենեսուելական ճգնաժամից», սակայն դրանք բոլորն էլ ավարտվել են ապարդյուն: Դրա հետ մեկտեղ արգենտինացի քահանայապետը նշել է, որ ինքը միշտ էլ հանդես է եկել ճգնաժամի լուծման շուրջ երկխոսություն վարելու օգտին: «Բայց ոչ ցանկացած երկխոսության, այլ այնպիսի երկխոսության, որն սկսվում է, երբ հակամարտության մեջ ներքաշված կողմերն ընդհանուր բարօրությունն ավելի բարձր են դասում մնացած բոլոր շահերից և աշխատում են հանուն միասնության ու խաղաղության»,- ընդգծել է նա: Այդ կապակցությամբ Ֆրանցիսկոսը հիշեցրել է Սուրբ աթոռի և Վենեսուելայի եպիսկոպոսների ջանքերի մասին, որոնք նրանց կողմից գործադրվել են մոտավորապես երկու տարի առաջ Մադուրոյի և ընդդիմության ներկայացուցիչների միջև բանակցությունների շրջանակներում ճգնաժամի «խաղաղ ու սահմանադրական» լուծման համար, և, մասնավորապես, Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի նամակի մասին, որը նա ուղարկել և 2016 թվականի դեկտեմբերի 1-ին: Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն Հռոմի Ֆրանցիսկոս Պապին նամակ էր գրել փետրվարի 4-ին և օգնություն խնդրել երկխոսության գործընթացի դյուրացման և ընդլայնման համար։

Նմանատիպ նյութեր