1223 դիտում
21:48 31-01-2019
Համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով Երևանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը
Այս օրերին համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման նպատակով Երևանում է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատվիրակությունը՝ ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի փորձագետների հետ: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2018-ի հոկտեմբերին Երևանի քաղաքապետի փարիզյան այցի և արդեն նոյեմբերին Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ երևանյան հանդիպման ժամանակ:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պատվիրակության անդամների հետ հանդիպմանը համառոտ ներկայացրել է մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներն ու նախատեսվող քաղաքաշինական փոփոխությունները: Առանձնացնելով ծրագրային առաջնահերթությունները՝ քաղաքի գլխավոր ճարտապետը նկատել է, որ նախատեսվում է կառուցել մետրոյի նոր կայարան և ճոպանուղի, որի մրցույթին, ի դեպ, մասնակցության ցանկություն է հայտնել նաև մի ֆրանսիական ընկերություն:
«Երևանի համար սա հետաքրքիր ժամանակաշրջան է: Քաղաքաշինական կանոնակարգումները պետք է լինեն գրեթե սպիտակ էջից սկսելու մոտեցմամբ: Այս առումով ձեր այցը չափազանց կարևոր է: Իհարկե, մեր միջև կան մշակութային տարբերություններ, սակայն բոլորս էլ ցանկանում ենք մերօրյա քաղաքաշինության մեջ կիրառել նոր մոտեցումներ»,- նկատել է Արթուր Մեսչյանը:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորության և ներկայացված տեղեկատվության համար՝ պատվիրակության անդամ, ուրբանիզմի և բարեկարգման ինստիտուտի միջազգային համագործակցության հարցերով պատասխանատու Էրիկ Հույբրեշտը նկատել է, որ Երևանն այսօր իր առջև բարձր նշաձող է դրել: Խոսելով գործակցության հստակ քայլերի մասին՝ հյուրերը նշել են, որ իրենց այցի նպատակն է՝ ցույց տալ նորարարությունների կիրառման հնարավորությունները և ցուցաբերել տեխնիկական աջակցություն:
«Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակում» հյուրերը հետաքրքրվել են ենթակառուցվածքների բարելավման ներդրումային ծրագրերով: Ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել են նաև բնապահպանության ոլորտի և քաղաքի կանաչ գոտիների վերականգնման խնդիրներն ու առաջիկա անելիքները:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
19:53 18-11-2018
Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությունը` Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում
2574 դիտում
13:33 09-03-2017
Տարոն Մարգարյանը հանդիպել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի հետ
Այս բաժնից
631 դիտում
23:01 17-01-2025
Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
1303 դիտում
22:42 17-01-2025
Գյումրիում թեժ է լինելու․ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը. aravot.am