211652_close_icon
views-count1219 դիտում article-date 11:29 23-01-2019

Մշակույթի դերը նոր Հայաստանում պիտի մեծանա․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Կրթությունը, ի վերջո, մշակույթի մասն է, և հակառակը՝ մշակույթի գլխավոր գործառույթը, լայն իմաստով, մարդկանց լուսավորել, դաստիարակել, կրթելն է: Եթե մենք գիրք ենք կարդում կամ լուրջ երաժշտություն ենք լսում, դա ավելի զգայուն է դարձնում մեր հոգին, ավելի բարդ՝ մեր ուղեղը: Մեր կյանքի շատ երևույթներ կարելի է բնութագրել որպես մշակույթ՝ ոչ միայն բուն կրթությունը, այլև բանավոր և գրավոր խոսքը, հարաբերությունները աշխատավայրում և ընտանիքում, վերաբերմունքը ծերերին և հաշմանդամներին: Հիվանդանոցում շաբաթը մեկ օր կամավոր աշխատելն էլ բարեգործության մշակույթ է, որը Հայաստանում զարգացած չէ: Քաղաքական կամ փառասիրական նպատակներով մեծահարուստի՝ աղքատներին ուղղված օժանդակությունները բարեգործության մշակույթ է, որը մեր երկրում շատ է զարգացած: Մեղադրյալի կալանավորման կապակցությամբ շամպայն ցփնելը և փողոցում շշից խմելը նույնպես մշակույթ է: Որքան խորն են և բազմազան մարդու գիտելիքները, այնքան, որպես կանոն, բարձր են ու ազնիվ են նրա մշակութային դրսևորումները: Այսպիսով, կրթությունն ու մշակույթն իրար հետ սերտորեն կապված են, և իմաստային առումով (ոչ միայն կառավարման օպտիմալացման և պետական միջոցների խնայողության տեսակետից) այդ երկու նախարարությունների միաձուլումը ճիշտ է: Սակայն առաջնահերթ խնդիր է, կարծում եմ, այդ ոլորտներում հեղափոխական, բոլշևիկյան մեթոդներից հրաժարվելը: Այդ մեթոդների հիմքում ընկած է հետևյալ համոզմունքը. «Մեզնից առաջ ամեն ինչ վատ էր, սխալ էր, բոլորը թալանում էին, գռփում էին, ստորանում էին, ստորացնում էին, և ահա եկանք մենք՝ հրեշտակներս…»: Այդ մոտեցումն անարդյունավետ է ընդհանրապես, բայց հատկապես մերժելի է վերոհիշյալ բնագավառներում, որոնք, ինձ թվում է, պահանջում են որոշակի «պահպանողականություն» և, գումարած դրան, այստեղ աշխատող մարդկանց հանդեպ որոշակի նրբանկատություն: Այն «կոնտինգենտը», որի հետ գործ ունի, այսպես ասած, «հումանիտար հարցերի» նախարարությունը, միայն ընտրակեղծարարներ և մեդալապաշտ ստորաքարշներ չեն: Ճնշող մեծամասնությունը մարդիկ են, որոնք իսկապես նվիրված են երեխաներին, ուսանողներին կրթելու գործին, կամ, ասենք, դերասաններ են, որոնք ուղղակի չեն կարող ապրել առանց բեմի, և շատ-շատերը կրթության մեջ և մշակույթում իրենց գործի մեջ ներդնում են ողջ հոգին՝ չակնկալելով ոչ նյութական օգուտներ, ոչ էլ «պաշտոնական» ճանաչում: Հեղափոխությունից հետո այդ հարստությունը պետք է օգտագործել, մարդկանց ազատ շնչելու, ազատ ստեղծագործելու հնարավորություն տալ: Նոր հասարակություն հնարավոր է կերտել միայն նոր մտածելակերպով, և եթե այդ գործը հաջողի, դրա սոցիալական, անգամ զուտ տնտեսական էֆեկտը հսկայական կլինի»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր