2666 դիտում
10:39 22-01-2019
Տնտեսության թռիչքը հետաձգվում է. Ո՞ւմ և ինչի՞ է սպասում կառավարությունը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանն ասում է, որ այս տարի Հայաստանում տնտեսական աճը կգտնվի 5,2-5,3 տոկոսի սահմաններում։ Սա, անշուշտ, փոքր-ինչ բարձր է պետական բյուջեով պլանավորված 4,9 տոկոս ցուցանիշից։ Բայց արդյո՞ք դա թռիչքաձև աճ է, որի մասին ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տնտեսական աճի այն ակնկալիքները, որը հաջորդ տարվա համար ունի կառավարությունը, շատ հեռու են թռիչքային լինելուց։ Ժամանակին 2019թ. համար ճիշտ նույնպիսի կանխատեսում ունեին նաև նախկին իշխանությունները, թեև նրանք երբևէ չէին խոսում թռիքաձև աճի մասին։
Ստացվում է, որ տնտեսական աճի վերաբերյալ նախկին ու ներկա իշխանությունների տեսակետներում ոչինչ չի փոխվել։ Եվ դա պատահական չէ։
Տնտեսության թռիչքաձև աճի մասին հայտարարությունները, որոնք ի հայտ եկան խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, ոչ այլ ինչ էին, քան հասարակության շրջանում դրական սպասումներ ձևավորելու փորձ։ Մի բան, ինչը միանշանակ հաջողվեց։ Սակայն դրա և բազմաթիվ այլ չիրականացրած խոստումների պատճառով այսօր կառավարությունը կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առջև։ Չպատճառաբանված և չհիմնավորված հայտարարությունների հետևանքով կուտակվել են չափազանց բարձր սպասումներ, որոնք հեռու են իրականանալուց։ Ու դա սկսել է սպառնալ թավշյա հեղափոխությանն ու անձամբ դրա առաջնորդի հեղինակությանը։
Այս տարվա տնտեսական զարգացման ակնկալիքները վկայում են, որ կառավարությունն ինքը չի հավատում իր հայտարարած թռիչքաձև աճին։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ սպասվող ՀՆԱ 5,2 կամ 5,3 տոկոս ավելացումը գրեթե համարժեք է անցած տարվա ցուցանիշին։ Չնայած դեռևս չեն հայտարարվել 2018թ. տնտեսական աճի արդյունքները, այնուհանդերձ, կանխատեսումները 5 տոկոսի սահմաններում են։
Ի դեպ, այն բավականաչափ ցածր է նախորդող տարվա տեմպից։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց վերջին տարիների համար ռեկորդային բարձր` 7,5 տոկոս տնտեսական աճ։ Բայց անգամ այդ ժամանակ խոսք չեղավ տնտեսական թռիչքի մասին։ Ու հիմա, չնայած այս տարվա ակնկալիքները շատ ավելի համեստ են 2017թ. համեմատ, կառավարությունը թռիչքաձև զարգացումների ու տնտեսական հեղափոխության մասին է խոսում` շարունակելով ջուր լցնել հասարակության սպասումների վրա։
Այլևս պարզ է, որ մոտ ապագայում նման հույսեր չպետք է փայփայել։ Տնտեսական թռիչքը հետաձգվում է։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ Հայաստանի տնտեսությունը պատրաստ չէ դրան։ Ու դեռ հարց է, թե դրա համար ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի։
Մոտակա ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության մեջ կտրուկ զարգացումների հեռանկարներ չեն տեսնում նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Մասնավորապես, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է ընդամենը 4,3 տոկոս տնտեսական աճ։ Հաջորդ երկու տարվա կանխատեսումը 4,6 տոկոս է։ Գուցե վատ ցուցանիշ չէ, բայց և այնպես, շատ հեռու է թռիչքային լինելուց։
Փոխանակ մտածելու ներդրումների իրավական պաշտպանվածության ամրապնդման, ներդրողների շրջանում առկա մտահոգությունների փարատման, կորսված վստահության վերականգնման, ներդրումային միջավայրի բարելավման մասին՝ կառավարությունը զբաղված է թիթեռ նկարելով։
Պարզ չէ՞, որ նման պայմաններում ներդրումային մեծ հոսքեր, որոնք այդքան անհրաժեշտ են Հայաստանի տնտեսությանը, ոչ միայն տնտեսական թռիչք, այլև ընդհանրապես աճ ապահովելու համար, չեն լինելու։
Ո՞ւմ և ինչի՞ է սպասում կառավարությունը, պարզ չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1700 դիտում
10:31 08-11-2014
Ինչու՞ են հանրահավաքները վերջերս անժամկետ հետաձգվում. 168 ժամ
1006 դիտում
10:16 04-07-2023
Ու՞մ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում, անպայման երեխաները պետք է սոված մնան, նոր զարթնե՞նք․ Տիգրան Պետրոսյան
1435 դիտում
18:51 06-11-2023
Սրանք ամեն ինչի ընդունակ են.պայքար է, հասկանում ես՝ ովքեր են քո դեմ, ինչի են ընդունակ. Լևոն Քոչարյան․ 168.am
Այս բաժնից
1036 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1255 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»