2349 դիտում
17:26 18-01-2019
Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը գտնվում են ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում. պարզաբանում
Գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել՝ կապված գործարար Սամվել Մայրապետյանի գործին առնչվող «ապատեղեկատվության» հետ:
Ստորև ներկայացնենք դատախազության պարզաբանումն ամբողջությամբ
«Զանգվածային որոշ լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերով երեկվանից, հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու, քրեական հետապնդման մարմինների գործունեության վրա ստվեր նետելու ակնհայտ նպատակներով, առանձին շրջանակների կողմից բացահայտ կերպով ապատեղեկատվություն է տարածվում առ այն, թե իբր «Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է դիմումատու Սամվել Մայրապետյանի իրավունքների խախտում:
Անընդունելի համարելով ՄԻԵԴ-ում գործերի քննության ընթացակարգերից հանրային լայն շրջանակների ոչ բավարար տեղեկացված լինելու իրողությունից օգտվելով հանրային թյուրընկալումներ ձևավորելու նման գործելակերպը՝ ՀՀ դատախազությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ տարածվող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տևական փորձ ունեցող իրավաբաններին չի կարող հայտնի չլինել, որ Եվրոպական Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնով նախատեսված կարգով միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության (interim measures) բավարարումը ուղղված է «վարույթի պատշաճ ընթացքի ապահովմանը» և որևէ կերպ չի կարող դիտվել որպես դիմումատուի իրավունքի խախտման փաստի արձանագրում: Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիման վրա միջանկյալ միջոցների կիրառումը բավականին տարածված է Եվրոպական դատարանի պրակտիկայում, այդ թվում՝ Եվրոպայի Խորհրդի անդամ այլ պետությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ստացված գանգատների քննության ընթացքում:
Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին միջնորդության բավարարման վերաբերյալ հունվարի 17-ի որոշմամբ եվրոպական դատարանը, առանց որևէ իրավունքի խախտման փաստի արձանագրման, պահանջում է անհապաղ երաշխավորել, որ դիմումատուն ստանում է իր առողջական վիճակին և բժիշկ-մասնագետների ցուցումներին համապատասխան պատշաճ բժշկական օգնություն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է, տրանսլյումինալ դրենավորում:
Եվրոպական դատարանի կողմից ներկայացված դիտարկումները և, ընդհանուր առմամբ, Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ հարցերը ինչպես նախքան միջանկյալ միջոցի կիրառումը, այնպես էլ դրանից հետո գտնվել և գտնվում են ՀՀ դատախազության և վարույթն իրականացնող մարմնի ուշադրության կենտրոնում, և հիմք ընդունելով ոլորտի բժիշկ մասնագետների ցուցումները և եզրակացությունները՝ ձեռնարկվել և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները քրեական հետապնդման ենթարկված անձի՝ պատշաճ բժշկական օգնության ապահովման երաշխավորման ուղղությամբ»:
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
20:10 04-01-2019
Արմենակ Մնջոյանի առողջական վիճակի և բուժօգնությանն առնչվող հարցերը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո են
Այս բաժնից
2173 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)