211652_close_icon
views-count3257 դիտում article-date 20:56 15-01-2019

2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին. Արայիկ Հարությունյան

Մայրաքաղաք Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական նոր գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին կուսակցության բարձրագույն մարմնի՝ Կենտրոնական խորհրդի անդամները: Ողջունելով ներկաներին՝ կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը նշել է, որ գրասենյակային նոր, հարմարավետ պայմանների ստեղծումը ներկուսակցական աշխատանքների ակտիվացման ևս մեկ հնարավորություն է, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել: «Պետք է փաստենք, որ վերջին 14 տարիների ընթացքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը իր ծանրակշիռ մասնակցությունն է ունեցել մեր հանրապետության ներքաղաքական կյանքում: Այդ ընթացքում մենք զբաղվել ենք նաև կուսակցական մարմինների, այդ թվում՝ երիտասարդական թևի, կանանց խորհրդի ձևավորման ու կայացման, կուսակցության շարքերի համալրման և այլ աշխատանքներով: Իհարկե, կուսակցաշինությունը շարունակվող գործընթաց է, և այսօր ցանկանում եմ հայտարարել, որ մենք նոր փուլ ենք մտնում, որտեղ յուրաքանչյուրիցս պահանջվելու է ավելի հետևողական աշխատանք»,- ասել է Ա. Հարությունյանն՝ ընդգծելով, որ այդ համատեքստում դրված է նաև սահուն սերնդափոխության հարցը: Ա. Հարությունյանի խոսքով՝ անցած տարիների ընթացքում ձեռք բերած քաղաքական հասունությունը և փորձը լավ հիմք են, որ «Ազատ հայրենիք»-ը քաղաքական ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի: «Այսօր մեկ անգամ ևս փաստում եմ, որ 2020 թվականին «Ազատ հայրենիք» կուսակցությունը ակտիվորեն մասնակցելու է քաղաքական բոլոր գործընթացներին»,- ընդգծել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր