211652_close_icon
views-count2249 դիտում article-date 19:54 11-07-2019

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով կուսակցական երիտասարդական ճամբարում իր ունեցած հանդիպմանը: «Արդեն չորրորդ տարին է, ինչ «Ազատ հայրենիք» կուսակցությունն անընդմեջ կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին հնարավորություն են ունենում մասնակցելու հարյուրավոր երիտասարդներ մեր հանրապետության բոլոր շրջաններից և կազմակերպելու իրենց ակտիվ հանգիստը: Այս տարի ևս բացառություն չէր, և, ձևավորված ավանդույթի համաձայն, իմ հերթին աշխատում եմ ուշադրության կենտրոնում պահել ճամբարականներին: Հերթական խմբի հետ իմ հանդիպմանը խոսել եմ կուսակցության առաջիկա ծրագրերի, համապետական սպասվող գործընթացներին մեր մասնակցության, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մասին:Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել եմ, որ իմ գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել եմ որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում եմ փորձառու և արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր և կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր: Այս իմաստով տեղին եմ համարում մեկ անգամ ևս նշել, որ 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը»,- գրել է Ա. Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր