211652_close_icon
views-count2096 դիտում article-date 11:57 15-01-2019

Նիկոլ Փաշինյանը՝ ներկա և նախորդ իշխանությունների տարբերության և արձանագրված փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում իր ընտանիքը թիրախավորելու փորձերը: Նա այն կարծիքին է, որ նման եղանակով փորձ է արվում մարդկանց ցույց տալ, թե Հայաստանում ոչինչ չի փոխվել: ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի վերաբերյալ տարբեր հրապարակումներին ու քննարկումներին: «Քննարկում են այն, որ Զինված ուժերում ծառայող իմ որդին արձակուրդ է եկել: Իմ որդու արձակուրդ գալը հակաքարոզչության առիթ է դարձել: Նման շահարկումներ անողները չեն ասում, որ Զինված ուժերում 6 ամիս ծառայելուց հետո յուրաքանչյուր զինվոր օգտվում է իր արձակուրդի իրավունքից: Տասնյակ հազարավոր զինվորներ այդ սկզբունքով արձակուրդ են գալիս, բայց դա հրապարակումների վերնագրերում չի հայտնվում, իսկ իմ որդու գալը քննարկվում է: Իմ ընտանիքի անդամները մտնում են խանութ 10 կամ 20, նույնիսկ 50 հազար դրամի առևտուր են անում, դա դառնում է քննադատության առիթ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով, այս ամենով փորձ է արվում ցույց տալ մարդկանց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել, ներկա իշխանությունները ոչնչով չեն տարբերվում նախորդներից: «Իրենց ասածի տրամաբանությունը հետևյալն է, թե տեսեք հանրապետականներն էլ էին շոր հագնում, այն իշխանություններն էլ էին խաշ ուտում, նոր իշխանություններն էլ են նույնը անում կամ այսօրվա վարչապետն էլ է մեքենայով ման գալիս, նույնիսկ զրահապատ: Ասում են, պատկերացնո՞ւմ եք ուղղաթիռով տեղ է գնում… չէ էշով, ձիով պետք է գնա, որ հասկանանք երկրում բան է փոխվել: Ես կարծում եմ, որ սա հուսահատության քարոզչություն է: Հեղափոխությանը նախորդած տարիների ընթացքում անընդհատ ասվել է բան չի փոխվելու, եղունգ ունես գլուխդ քորի, հիմա նույն մոտեցումը շարունակվում է»,-ասաց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը խոսեց ներկա և նախորդ իշխանությունների միջև տարբերության մասին՝ հստակ արձանագրելով փոփոխությունների եզրերը: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը ՀՀ ժողովրդին չի թալանում: Սա այն փոփոխությունն է, որի մասին հասարակությունը երազել է երկար տարիներ: «Իշխանությունը ձևավորել է ժողովրդի կողմից: Իշխանությունը չի փորձելու ժողովրդի ձեռքից վերցնել իշխանությունը ձևավորելու հնարավորությունը: Եղունգներով իշխանությունը չենք պահելու: Եթե ժողովրդին պետք լինի, ապա մենք կլինենք այս կարգավիճակում, եթե ոչ, ապա չենք լինի: Ինձ համար անընդունելի կլինի այն վիճակը, եթե պարզվի, որ իմ վարչապետ լինելն ավելի շատ հարկավոր է ինձ, քան Հայաստանի քաղաքացիներին: Որ պահին այդպես լինի, ուրեմն ես անելիք չունեմ այս կարգավիճակում»,-ասաց նա: Նրա խոսքով, նոր կառավարությունից փորձում են կերտել բացասական կերպար՝ ցույց տալով, թե ոչինչ չի փոխվել: «Ես թույլ չեմ տալու, որ այդ իմիջը ստեղծվի, ընդ որում, դա անելու եմ ոչ թե լրատվամիջոց խլելով, այլ այս ճանապարհով, այն է՝ քաղաքացիների հետ ուղիղ շփումով»,-հավելեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր