211652_close_icon

Վանաձորում բացվեց կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը. ՖՈՏՈՇԱՐՔ

views-count5368 դիտում article-date 19:01 22-12-2018
Լոռու փոխմարզպետ Արամ Խաչատրյանն իր էջում գրել է. Այսօր Վանաձորում բացվեց իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը: Բացմանը մասնակցեց նաև Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Շրջայց կատարեցինք գործարանում, հետևեցինք արտադրական գործընթացին, ծանոթացանք գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթևության և ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում»: Փոխմարզպետը նաև նշել է, որ Կարբոնի գործարանում ակնկալվում է ունենալ մոտ 300 աշխատող: «Բալոնների գործարանում սկզբնական շրջանում Իրանից այստեղ կգան մոտ 30 պրոֆեսիոնալներ, ովքեր երկու ամիս կմնան, կաշխատեն այստեղ, կընտրեն, կսովորեցնեն, միասին կաշխատեն ու երկու ամսից կվերադառնան: Այստեղ կմնան նրանցից մեկ-երկուսը: Առաջին՝ բալոնների գործարանում զուտ սարքավորումների մոտ աշխատելու համար անհրաժեշտ է 80-100 մարդ: Աշխատակիցներ կպահանջվեն նաև հարակից ենթակառուցվածքներում՝ ճաշարանում, բաղնիքում, սպասարկվող տրանսպորտային միջոցներում, բուժկետում, կունենանք նաև էլեկտրիկներ, գազավիկներ... Կբացվեն գազաբալոնների տեղադրման կետեր, դրանք ևս աշխատեղեր են: Ընկերությունը Վանաձորում նախատեսում է իրականացնել երեք բիզնես-ծրագիր՝ կոմպոզիտային գազաբալոնների ու կարբոնի մանրաթելի գործարանի կառուցում ու արտադրություն, նաև ագրոկոմպլեքսի գործարկում: Ազատ մնացած տարածքը ագրոկոմպելքսի համար փոքր է, դրա համար տարբեր տեղերում սկսելու են հիմնել ֆերմաներ՝ տարբեր անասնատեսակների համար: Արտադրելու են հիմնականում այնպիսի մթերքներ, որ դա չազդի հայաստանյան շուկայի վրա: Օրինակ, կաթի փոշին Հայաստանը ներկրում է, ուստի կարտադրեն, կիրացնեն տեղում ու հավելյալը նոր կարտահանեն: Արտադրելու են նաև պանիր ու կարագ: Այս երեք նախագծերով երեք տարվա ընթացքում ռեալ աշխատողների թիվը գերազանցելու է 2000-ը: Խոսքը Վանաձորի տարածաշրջանի մասին է» եզրափակել է փոխմարզպետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր