Ռուբեն Նազարեթյան. Ամենակարևորը շվեդների դեմ խաղն է
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում իր կարծիքն է հայտնել Աշխարհի 2020 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանության վերաբերյալ:
Նշենք, որ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի Աշխարհի 2020 թվականի առաջնության Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի որակավորման փուլի վիճակահանությունը, որի արդյունքներով ֆուտզալի Հայաստանի հավաքականն ընդգրկվեց E խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Բելգիայի, Շվեդիայի և Մալթայի հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Շվեդիայում:
Խմբում առաջին տեղը զբաղեցնելու դեպքում ֆուտզալի Հայաստանի հավաքականը գլխավոր փուլի վեցերորդ խմբում կհանդիպի Սերբիայի, Ֆրանսիայի և F խմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականների հետ:
Խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանու մրցակիցները յոթերորդ խմբում կլինեն Ռուսաստանը, Խորվաթիան և F խմբի հաղթողը:
«Նորմալ խումբ է: Ծանոթ ենք մեր մրցակիցներից երկուսին՝ Շվեդիայի և Մալթայի հավաքականներին, քանի որ խաղացել ենք նրանց դեմ: Շվեդներն ուժեղ հավաքական ունեն, և հիմա մեր առաջնային խնդիրը հենց նրանց դեմ խաղին պատրաստվելն է: Առաջին խաղից շատ բան կլինի կախված, և եթե կարողանանք հաջողության հասնել շվեդների դեմ խաղում, մեր խնդիրը կհեշտանա:
Սա ասում եմ՝ հաշվի առնելով, որ խմբից երկու թիմ է դուրս գալիս: Բնականաբար, չենք թերագնահատում Մալթայի հավաքականին, իսկ բելգիացիները, ընդհանրապես, ինչպես և մեծ ֆուտբոլում, այստեղ ևս մեծ առաջընթաց են գրանցել և ուժեղ հավաքական ունեն: Անկախ ամեն ինչից՝ պատրաստվելու ենք լավագույն կերպով և ձգտելու ենք դուրս գալ խմբից», ասել է Ռուբեն Նազարեթյանը: