211652_close_icon
views-count1368 դիտում article-date 21:20 30-05-2014

Կան ֆուտբոլիստներ, որոնք կամրապնդվեն հավաքականում. Ռուբեն Նազարեթյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից 30-ը մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքն ավարտվեց այսօր՝ երկկողմանի խաղով, որից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը հարցազրույց ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ: - Ի՞նչ նպատակ էր հետապնդում այս հավաքը: - Հավաքի բուն նպատակը ճանաչողական էր, փորձարկվեցին մեծ թվով նորեկներ, երիտասարդ խաղացողներ: Ընդհանուր առմամբ, մենք ստացանք այն, ինչ ուզում էինք: Իմ կարծիքով, հրավիրված ֆուտբոլիստների մեջ կան լավ ներուժ ունեցող տղաներ, որոնք հետագայում կամրապնդվեն հավաքականում: - Փաստորեն, այս հավաքին մասնակցում էին միայն ներքին առաջնությա՞ն ֆուտբոլիստները: - Այո, որովհետև իմաստ չկար հրավիրելու լեգեոներներին, որոնց կարողություններին մենք շատ լավ ծանոթ ենք: Այդ պատճառով մենք հրավիրել էինք Հայաստանի առաջնությունում աչքի ընկած ֆուտբոլիստներին: Մեր հիմնական նպատակներից մեկը թիմի կազմը երիտասարդացնելն է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ տարեց ֆուտբոլիստներով դժվար է արդյունավետ հանդես գալ Եվրոպայում: - Ովքե՞ր են ընդգրկված հավաքականի մարզչական շտաբում: - Ինձ օգնում են Զոհրապ Նիազյանը և դարպասապահների մարզիչ Վաղարշակ Շահնազարյանը: - Ի՞նչ ծրագրեր կան ապագայում: - Ամռանը նախատեսվում է հավաք Վրաստանում, որտեղ մենք կանցկացնենք նաև ընկերական հանդիպումներ Վրաստանի հավաքականի հետ: Այսօր ստացել ենք ևս մեկ ընկերական հանդիպում անցկացնելու առաջարկ՝ ռուսական «Միտիշի» թիմից, որը բավականին ուժեղ մրցակից է: Կփորձենք հնարավորինս հագեցած անցկացնել այս ժամանակահատվածը, որպեզի մինչև Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը թիմը լիովին պատրաստ լինի: - Ձեր կարծիքով, այս կազմով, գումարած արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստները, հնարավո՞ր է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: - Մարզումների ժամանակ ես տեսնում եմ խաղացողների ներուժը, բայց իրական պատկերը կերևա միայն ընկերական խաղերի ժամանակ: Միայն դրանցից հետո մենք կկարողանանք ավելի ամբողջական կարծիք կազմել մեր հնարավորությունների մասին: Շատ բան կախված կլինի նաև վիճակահանության արդյունքներից: Ամեն դեպքում աշխատելու ենք լիարժեք ուսումնասիրել մեր մրցակիցներին, որպեսզի կարողանանք ապահովել պատշաճ արդյունք:

Նմանատիպ նյութեր