1937 դիտում
21:14 16-11-2018
«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողով է կազմակերպվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտաժողով՝ նվիրված Վլադիկ Ներսեսյանցի ծննդյան 80-ամյակին:
«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովը կազմակերպվել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների կողմից:
ՌԴ ԳԱ ակադեմիկոս, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփա, մի շարք հայեցակարգային աշխատանքների հեղինակ Վլադիկ Ներսեսյանցի 80- ամյակին նվիրված գիտաժողովը բաղկացած էր երկու մասից. առաջին հատվածը նվիրված էր ականավոր գիտնականի թողած գիտական ժառանգության վերլուծությանը, իսկ երկրորդ հատվածը՝ սահմանադրականության արտի մարտահրավերներին:
Մեզ հետ զրույցում Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն ասաց, որ այսօր ամբողջ աշխարհում ցավալիորեն հեռացել է իրավունքի փիլիսոփայությունը գործնական իրավագիտությունից. «Այսօր մարդկային փոխհարաբերությունների կարգավորման համար բացառապես ապավինում են իրավիճակային կերպով ընդունված օրենքներին՝ անտեսելով փիլիսոփայությունը: Այս առումով այսօրվա գիտաժողովը նպատակ է հետապնդում ևս մեկ անգամ բարձրաձայնելու այն խնդիրը, որ օրենքը չի կարող առանձին գոյատևել իր փիլիսոփայությունից»:
Վարդան Այվազյանը փաստեց, որ ականավոր գիտնական Վլադիկ Ներսեսյանցը լուրջ հայեցակարգային աշխատանքներ է գրել, ինչի շնորհիվ նա հայտնի է ոչ միայն Հայաստանում և Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ամբիոնի վարիչը պատմեց, որ անձամբ ճանաչել է գիտնականին դեռևս մանկուց, ոգեշնչվել նրա կենսակերպով և գաղափարներով. «Այս գիտաժողովի կազմակերպմամբ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում մեծ գիտնականին, այլև փորձում ենք նրա թողած տեսաիրավական ժառանգությունն առաջարկությունների միջոցով համադրել գործնական իրավագիտության մեջ»:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն ասաց, որ գիտաժողովի զեկուցումների շնորհիվ բացահայտվելու է Վլադիկ Ներսեսյանցի կերպարը թե՛ որպես մարդ, և թե՛ որպես մեծ գիտնական. «Վլադիկ Ներսեսյանցը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլև բանաստեղծ: Ովքեր ծանոթ են նրա ստեղծագործություններին, այդ թվում՝ նաև իրավագիտության ոլորտի աշխատանքներին, հաստատ ընկալել են նրա ազատ մտածելակերպը, չսահմանափակվելու և չկաշկանդվելու ձգտումը»:
ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը ողջույնի խոսքում ասաց, որ իրավունքը հասարակության հիմնարար անկյունաքարն է, որի վրա կառուցվում են բոլոր հարաբերությունները. «Պետք է փաստել, սակայն, որ յուրաքանչյուրն իր ձևով է ընկալում այդ իրավունքն ու իր փիլիսոփայությամբ մոտենում կյանքին: Իմ տպավորությամբ՝ ակադեմիկոս Ներսեսյանցը զբաղվել է հենց այդ խորքային հարցով և իրավունքն ու փիլիսոփայությունը համադրել է իրար: Ուրախ եմ, որ այսօրվա գիտաժողովն արժանին է մատուցում ականավոր գիտնականին»:
Գիտաժողովի բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԲԴԽ նախագահ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ ակադեմիկոս Ներսեսյանցն այն անհատականություններից էր, որը հասել էր մարդկային կատարելության՝ իր բոլոր դրսևորումներով. «Շատերը նշում են, որ նա նաև բանաստեղծ էր: Բայց ըստ ինձ՝ նա փիլիսոփա էր նաև այդ ձևի մեջ: Ես բախտ եմ ունեցել բավականին երկար շփվել մեր հայրենակցի հետ: Նա ոչ միայն գիտնական էր, այլև մարդաբան փիլիսոփա, որն իր ժամանակից շատ էր առաջ անցել»:
Նախքան զեկուցումներին անցնելը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները Սահմանադրական իրավունքի ամբիոնի աշխատակից Անահիտ Ղազարյանի օգնությամբ ներկայացրին մեծ գիտնականի կյանքն ու ստեղծագործությունը, ինչպես նաև նրա բանաստեղծական աշխարհը՝ ներկաների համար ընթերցելով վերջինիս գեղարվեստական գործերը:
Տեղեկացնենք, որ գիտաժողովին ներկա էր նաև Վլադիկ Ներսեսյանցի քույրը՝ Սիլվա Ներսեսյանցը:
«Սահմանադրականության արդի մարտահրավերները» խորագրով գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև ԲԴԽ անդամներ, Արդարադատության ակադեմիայի ներկայացուցիչներ և Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանը:
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփելով՝ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանն առաջարկեց գիտաժողովում հնչած զեկույցները հրատարակել ժողովածուի տեսքով, իսկ Վ. Ներսեսյանցի գիտական ժառանգությանը նվիրված գիտաժողովները դարձնել ավանդական, յուրաքանչյուր տարի ակադեմիկոսի ծննդյան օրվա առթիվ հոկտեմբերին կազմակերպել Ներսեսյանցական ընթերցումներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1302 դիտում
18:36 18-11-2014
Գիտաժողով` «Կլինիկական բժշկագիտության արդի խնդիրները» խորագրով
4095 դիտում
22:26 23-05-2019
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում ընդունելության համար սահմանվել է 75 տեղ
Այս բաժնից
811 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
673 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
466 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը