211652_close_icon
views-count2103 դիտում article-date 17:52 14-11-2018

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայկական լոլիկը հասավ Դուբայ, շահագործման կհանձնվի կիսափակ տեխնոլոգիաներով աշխարհի ամենամեծ ջերմոցը, բորբոսով պանիրը կդառնա հայկական գյուղմթերքի նոր այցեքարտը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկա» ընկերություն։ Նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում և սառնարանային տնտեսությունում, շրջայցեր կատարել, ծանոթացել իրականացվող աշխատանքներին, զրուցել աշխատակիցների հետ։ Արարատի ջերմոցային համալիրում այժմ բերքահավաք է ընթանում։ Այստեղ տարբեր սորտերի լոլիկներ են աճեցվում, շուտով անցում կկատարեն նաև վարունգի մշակությանը։ Շուրջ մեկ ամիս անց նախատեսում են ևս 50 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն շահագործման հանձնել, որը «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը կդառնա։ Արտադրված բարձրաժեք լոլիկը նախատեսում են արտահանել եվրոպական և արաբական երկրներ։ «Մեր տեղական լոլիկով բեռնված առաջին մեքենան ցամաքային ճանապարհով բոլորովին վերջերս հասավ Դուբայ, և այդ շուկան, կարելի է ասել, արդեն բացվել է հայկական արտադրանքի համար։ Հայաստանն իր դիրքի շնորհիվ առավելություն ունի, որովհետև նման որակի արտադրանքը Դուբայ է հասնում ինքնաթիռով՝ եվրոպական երկրներից, և մեր արտադրանքն ավելի մրցակցային է դառնում»,- նշել է Կարեն Բաղդասարյանը։ Ակնկալվում է, որ 2019 թվականը պատմական տարի է լինելու այս ընկերության համար. փետրվար ամսին «Սպայկան» նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող «Fruit Logistica» ցուցահանդեսին՝ նվաճելու համար նաև եվրոպական շուկան։ Կարեն Բաղդասարյանը նկատում է, որ նման միջազգային հարթակում Հայաստանն առաջին անգամ է ներկայացվելու՝ որպես գյուղատնտեսական մթերք արտահանող երկիր։ Հավակնոտ նախագծերն այսքանով չեն ավարտվում։ Հունվարից կմեկնարկի հայկական սպիտակ և կապույտ բորբոսով պանրի արտադրությունը։ «Սպայկայի» ներկայացուցիչը վստահեցնում է, որ գերմանական և հոլանդական տեխնոլոգիաների համակցումով ստացվող արտադրանքը մեր նոր այցեքարտը կդառնա՝ ծիրանի և կոնյակի կողքին։ Հայկական գյուղմթերքի նոր բրենդի արտադրության համար տեղական ֆերմերներից պատրաստ են շուկայականից բարձր գնով կաթ մթերել, պահանջը մեկն է՝ ապահովել բարձր որակ։ Այս պահին ընթանում է պայմանագրերի կնքման գործընթացը, և ֆերմերները կարող են դիմել ընկերությանը։ Տարեկան նախատեսում են մթերել շուրջ 20 000 տոննա կաթ։ Ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ իրականացվող ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ։ Շրջայցի ավարտից հետո տեղի է ունեցել հանդիպում ընկերության պատասխանատուների հետ, քննարկվել են համագործակցության և գյուղոլորտում զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր, մասնավորապես «Սպայկա»-ի ներկայացուցիչները խնդրել են աջակցել կաթ արտադրող ֆերմերների հետ համագործակցության հարցում՝ կաթի հավաքագրման, անհրաժեշտ որակի ապահովման հարցերը քննարկելու համար։ Գեղամ Գևորգյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում նախարարությունում կազմակերպել հանդիպում անասնաբուծությամբ զբաղվող կոոպերատիվների հետ։ Նախարարի պաշտոնակատարը նաև հավելել է, որ անասնաբուծության ոլորտում էական փոփոխություններ են սպասվում։ «Այժմ քննարկումներ ենք իրականացնում կաթի տեսակների հատկորոշման հետ կապված։ Լիզինգով գյուղատնտեսական կենդանիների ձեռքբերման ծրագիր են իրականացնելու, փորձելու ենք հեշտացնել ներկրումը։ Բայց նաև պիտի արձանագրենք, որ գյուղատնտեսությունը բիզնես է, որով զբաղվելու համար անհրաժեշտ է ունենալ որոշակի հմտություններ, և այստեղ էլ մենք որոշակի չափանիշներ պետք է սահմանենք»,- մանրամասնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատարը։ Գեղամ Գևորգյանը նաև առաջարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների արտադրական պրակտիկան ընկերությունում կազմակերպել, ինչը հնարավորություն կտա ունենալ բարձրորակ պրակտիկ կադրեր, որոնք շուկայում մրցունակ կլինեն և բարձր վարձատրություն կունենան,և խոշոր ընկերությունները ստիպված չեն լինեն արտերկրում մասնագետներ փնտրել։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր