58899 դիտում
19:38 28-10-2018
Արմավիրի մարզում Գետաշեն գյուղի գյուղապետի 22-ամյա տղան ռուսական համարանիշներով Priora-ով վրաերթի է ենթարկել ամուսիններին. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հոկտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Արթուր Հովհաննիսյանը իր վարած Priora մակնիշի A 080 EA 07 RUS համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհի Նորապատ գյուղի վարչական տարածքի 5-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Արմավիր բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ:
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդի հայրը Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանն է, իսկ վրաերթի ենթարկվածները՝ ամուսիններ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+