211652_close_icon
views-count3979 դիտում article-date 10:52 27-10-2018

Ինչ-որ դուռ բացող անկայունությունը գերադասելի է անհույս լճացումից․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ով է կազմակերպել «Հոկտեմբերի 27-ի» ոճրագործությունը՝ մենք չգիտենք: Թե ինչու է այն իրականացվել՝ կան քիչ թե շատ ճշմարտանման ենթադրություններ: Հավանաբար այստեղ դեր է խաղացել արտաքին գործոնը: Հիշենք, որ այն ժամանակ քննարկվում էր, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը», այսինքն՝ տարածքների փոխանակման միջոցով Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցը, ըստ որի՝ Ադրբեջանին տրամադրվում էր Մեղրիով միջանցք դեպի Նախիջևան, իսկ Լաչինի միջանցքը և նախկին ԼՂԻՄ տարածքը (առանց ազատագրված շրջանների) կցվում էր Հայաստանին: Այդ՝ իմ կարծիքով, չափազանց վտանգավոր ծրագրին միանշանակ դեմ էին այն ժամանակվա վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը: Միանգամայն պարզ է նաև, թե ով օգտվեց այդ ահաբեկչությունից: Երբ ասում են՝ եթե «Հոկտեմբերի 27» չլիներ, Հայաստանը կբարգավաճեր, կոռուպցիա չէր լինի, կհաստատվեր ժողովրդավարություն, դա, իհարկե, սուտ է։ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի թիմերը տնտեսական լուրջ ծրագրերով «հակակոռուպցիոն» և ժողովրդավարական հակումներով չէին փայլում, ինչը, ի դեպ, ցույց տվեց իրադարձությունների հետագա ընթացքը: Սակայն այդ ծանրակշիռ գործիչների բացակայության պայմաններում հաստատվեց Ռոբերտ Քոչարյանի միահեծան իշխանությունը, և իսպառ վերացավ տնտեսական ու քաղաքական մրցակցությունը։ Հաջորդ, 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ նախագահն ինքն էր կազմում երկու առաջատար ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական ցուցակները, իսկ այդ պարագայում խոսել զսպումների և հակակշիռների մեխանիզմների մասին՝ պարզապես ծիծաղելի է։ Մոտավորապես 2000 թվականի մայիսից, երբ զանազան խորամանկ ինտրիգների միջոցով Քոչարյանն ազատվեց ինքնուրույն քաղաքական մտածելակերպ ունեցող վարչապետից ու պաշտպանության նախարարից՝ Արամ Սարգսյանից և Վաղարշակ Հարությունյանից, Հայաստանն ընկղմվեց երկարատև լճացման, անշարժության մեջ: Օլիգարխիան և բյուրոկրատիան հասկացան, թե ով է «տանտերը», և հետևաբար՝ երբ, որտեղ և ինչքան է պետք մուծվել։ Այդպես նրանք ապրեցին 18 տարի՝ մինչև այս տարվա ապրիլյան հեղափոխությունը: Գուցե այդ 18 տարիները ոմանք անվանեն նաև կայունության ժամանակաշրջան, որի ընթացքում նաև լավ բաներ էին կատարվում, մասնավորապես, տնտեսության մեջ: Նման գնահատականի մեջ էլ կա, հավանաբար, ճշմարտության հատիկ: Սակայն այդ դրական երևույթները չէին կարող փարատել մարդկանց աճող դժգոհությունը անարդարությունից, իշխանության ամբարտավանությունից և ամենաթողությունից: Ինձ թվում է՝ ինչ-որ դուռ բացող անկայունությունը բոլոր դեպքերում գերադասելի է անհույս լճացումից»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր