211652_close_icon
views-count5032 դիտում article-date 16:00 24-10-2018

Խորհրդարանն արձակելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանն առաջին փուլով չընտրվեց վարչապետ

ՀՀ Ազգային ժողովն առաջին փուլում Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր նրա թեկնածությունն առաջադրած «Ելք» խմբակցությունը: «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 11: Քվեարկությունից առաջ չմասնակցելու մասին հայտարարեցին ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները: «Ելք»-ը հայտարարեց, որ կքվեարկի ձեռնպահ: Վարչապետի ընտրությանը հարցը դրված էր հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստի օրակարգում: Վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն: Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով: Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16-ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Նմանատիպ նյութեր