211652_close_icon
views-count1973 դիտում article-date 16:59 11-10-2018

ժողովրդավարության տարածման և առճակատումների բացառման գործում Ֆրանկոֆոնիան պետք է ունենա իր անելիքները. Միկայել Ժանի ելույթը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը վստահեցնում է, որ փլատակների վրա կառուցված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ամուր կանգնած է հողի վրա ու պատրաստ է դիմակայել առկա մարտահրավերներին: Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, Միկայել Ժանն այս մասին ասաց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ընթացքում ունեցած ելույթում: «Միշտ չէ, որ մենք կարողացել ենք լավագույնս լուծել բոլոր հարցերը: Մենք մեր կազմակերպությունը կառուցել ենք փլատակների վրա: Մենք ֆրանսերենի միջոցով կարողացանք ապահովել վերածնունդ մեզ համար և աշխարհի համար, ֆրանսերենը փախանցեց կենսական և մարդասիրական ուժ: Ֆրանսերենը կարողացավ փոխանցել մեր մշակույթների բազմազանությունը և հավասարազոր արժանապատվությունը: Մենք ամուր կանգնած ենք հողի վրա, որպեսզի լավագույնս կարողանանք դիմակայել այսօրվա մարտահրավերներին»,- նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը: Նրա խոսքով՝ ժողովրդավարության տարածման, առճակատումների բացառման գործում Ֆրանկոֆոնիան պետք է ունենա իր անելիքները: Միկայել Ժանը գտնում է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ուժը միասնական աշխատանքն է: «Մենք ոչ միայն կարողացել ենք դիմակայել մարտահրավերներին, այլ կարողացել ենք ծնել նոր արժեքներ»,- ասաց նա: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարն այն կարծիքին է, որ այսօր ժողովրդավարության նահանջ է նկատվում, ինչից անմասն չի մնում ոչ մի մայրցամաք: «Մենք տեսնում ենք ծայրահեղականության առաջընթաց ամենուր, տեսնում ենք անարդարությունների առաջընթաց ինչպես երկրների ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով: Մենք տեսնում ենք խաղաղության հետընթաց, մենք ականատես ենք լինում պատերի կառուցման, ինչը նույնքան ամոթալի է: Կցանկանայի, որ մենք հարց տանք մեզ՝ ո՞ր կողմում ենք ցանկանում լինել: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ընդունել, որ միջազգային կազմակերպությունները ոմանց ձեռքում գործիք դառնան, թե՞ մենք կցանկանայինք ստեղծել հարթակներ, որոնք կկարողանան պատասխաններ բերել միջազգային հարթություններում: Արդյոք մենք պատրա՞ստ ենք նրան, որ գաղափարները լուծարվեն և կորցնեն իրենց իմաստը հանուն ռեալ պոլիտիկի, թե՞ մենք պատրաստ ենք բարձր ասել՝ ավելի շատ ազատություն և ավելի շատ ժողովրդավարություն: Արդյոք մենք պատրա՞ստ ենք թույլ տալ, որ էգոիզմը հաղթի գործընկերային երկխոսությանը: Այսօր մենք պետք է ընտրություն կատարենք հակադարձելու կամ անտարբեր մնալու մեջ, առաջընթացի ու հետընթացի մեջ», շեշտեց Միկայել Ժանը: Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար: Այսօրվա նիստի ընթացքում ՖՄԿ նախագահության լիազորությունները Մադագասկարից կփոխանցվեն Հայաստանին: Կհիմնվի համաժողովի բյուրոն: Մասնակիցները կհաստատեն օրակարգի նախագիծն ու կծրագրավորեն աշխատանքները: Նախատեսվում է նաև ֆրանկոֆոնիայի անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության մասին հայտերի քննարկում: Հոկտեմբերի 11-12 Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայիմիջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ուբազմազանությունը՝ իբրև խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համընդհանուր արժեքների վրա խարսխված այս թեման հնարավորություն կտա արտացոլել Ֆրանկոֆոնիայում խաղաղությունը, համերաշխությունը և զարգացումը։ Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջտարածքի խաղաղության և բարգավաճման։

Նմանատիպ նյութեր