211652_close_icon
views-count1204 դիտում article-date 18:50 12-10-2015

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ համատեղ ճեպազրույցին

Հարգելի՛ հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք Իմ և տիկին Ժանի միջև կայացավ բավական ջերմ հանդիպում, բովանդակալից զրույց, որի ընթացքում մենք ամփոփեցինք Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների համաժողովի արդյունքները։ Կարող ենք ասել, որ այդ համաժողովը հաջողված էր, արդյունավետ էր բովանդակությամբ, այն փաստաթղթերով, որ ընդունվեցին համաժողովի ընթացքում: Ընդունվեցին հինգ բանաձևեր, որոնցից երեքը Հայաստանն էր նախաձեռնել, ներառյալ բանաձև, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը, որը հղում էր կատարում Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի այս տարվա ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված շատ կարևոր հայտարարությանը: Ես կցանկանայի նաև նշել, որ նախարարական համաժողովը լավ հարթակ է նաև երկկողմ հանդիպումների համար: Տարբեր երկրների իմ գործընկերները բազմաթիվ, տասնյակ հանդիպումներ անցկացրին։ Ես նույնպես օգտվեցի այս առիթից և մոտ 25 հանդիպում ունեցա։ Ստորագրեցինք մի շարք փաստաթղթեր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների հետ։ Կցանկանայի նաև նշել, որ սա լավ առիթ էր ևս մեկ անգամ վերահաստատելու Հայաստանի հանձնառությունը՝ ի պաշտպանություն Ֆրանկոֆոնիայի արժեքների, Ֆրանկոֆոնիայի նպատակների։ Երևանում Ֆրանկոֆոնիայի համաժողովի անցկացումը պարտավորեցնում է մեզ՝ Ֆրանկոֆոն ընտանիքի բոլոր անդամների հետ, նաև Գլխավոր քարտուղարի, քարտուղարության աջակցությամբ հավելյալ ջանքեր գործադրել այդ նպատակների իրականացման համար: Կցանկանայի առիթից օգտվելով խորը շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղարին, նրա ամբողջ թիմին, քարտուղարությանը, որը մեզ այդքան կարևոր աջակցություն ցուցաբերեցին՝ այս համաժողովը հաջողությամբ անցկացնելու համար: Իսկ հիմա, ես մեծ սիրով խոսքը կփոխանցեմ Գլխավոր քարտուղարին: *** Ես նաև կցանկանայի օգտվել առիթից և տիկին Գլխավոր քարտուղարին փոխանցել Հայաստանի արտաքին գործերի նախարարության ոսկե մեդալը՝ շնորհակալություն հայտնելով այս համաժողովի անցկացմանը՝ իր անձնական, նաև իր թիմի, քարտուղարության աջակցության համար։ Մեր համագործակցությունը քարտուղարության հետ ոչ միայն սերտ է, այլ` կատարյալ:

Նմանատիպ նյութեր